Նույնիսկ պասիվ ծխելը կարող է քայքայել ոսկորները ու բարձրացնել օսթեոպորոզի վտանգը

22:36   11 նոյեմբերի, 2015

Ոչ միայն ակտիվ այլեւ պասիվ ծխելն է քայքայիչ ազդեցություն թողնում ոսկորների վրա ու կարող է բարձրացնել օսթեոպորոզի զարգացման վտանգը: Ծխելուց հրաժարվելը նվազեցնում է վտանգը, բայց երկար տարիներ են պետք, որպեսզի նախկին ծխողի համար վտանգը հավասարվի չծխող մարդուն սպառնացող վտանգին:

Ծխելու ու օսթեոպորոզի եւ կոտրվածքների զարգացման հավանականության միջեւ կապի մասին NEWS.am Medicine -ի թղթակցին պատմել է Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության դպրոցի դեկան Վարդուհի Պետրոսյանը:

Ծխելը, մասնագետի խոսքով, օսթեոպորոզի զարգացման լուրջ ռիսկի գործոն է համարվում, քանի որ այն ազդում է ոսկորների մետաբոլիզմի վրա ու նվազեցնում դրանց ամրությունը, դրանով իսկ բարձրացնելով կոտրվածքների հավանականությունը: Որքան երկար ու որքան երկար է մարդը ծխում, այդքան ավելի բարձր է հասուն տարիքում կոտրվածքներ ստանալու հավանականությունը, ընդ որում նրա ոսկորները կարող են կոտրվել նույնիսկ աննշան ազդեցությունից՝ ընկնելուց կամ էլ թեթեւ հարվածից: Ըստ տարբեր հետազոտությունների՝ ծխողների մոտ կոտրվածքների հավանականությունը 60 տարեկանից հետո բարձրանում է 20-100 տոկոսով, իսկ 90 տարեկանից հետո՝ 108 տոկոսով:

Ինչպես նշեց մասնագետը, այն նյութերը, որոնք պարունակվում են ծխախոտի մեջ, նվազեցնում են էստրոգենների՝ կանացի սեռական հորմոնների քանակը, ինչը կարող է վաղ դաշտանադադարի ու հետեւաբար նաեւ ոսկրային զանգվածի վաղաժամ կորստի պատճառ դառնալ: Ավելին՝ կանանց կոտրվածքներից շատերի պատճառները պայմանավորված են հենց ծխախոտի ազդեցությամբ:

Վարդուհի Պետրոսյանի խոսքով, պասիվ ծխելը, որը Հայաստանում շատ տարածված է, ոսկորների առողջության վրա նույն ազդեցություն ունի, ինչ ակտիվ ծխելը: Որքան շատ է մարդը՝ թեկուզ եւ չծխող, շնչում ծուխը, այդքան բարձրանում է հասուն տարիքում հետո օսթեոպորոզի զարգացման ու կոտրվածքների հավանականությունը:

2010 թ. տվյալներով, Հայաստանում 15-50 տարեկան տղամարդկանց 63 տոկոս ու կանանց 2 տոկոսը ծխում է: Ընտանիքների 82.2 տոկոսում առնվազն մեկ ծխող կա: Չծխողների 78 տոկոսը ենթարկվում է պասիվ ծխելու ազդեցությանը տանը ու հասարակական վայրերում: Տների 70 տոկոսում ծխելու արգելք չկա: Նույնիսկ եթե տանտերերը չեն ծխում, նրանք թույլատրում են, որ իրենց տանը հյուրերը ծխեն ու դառնում են պասիվ ծխողներ:



© NEWS.am Medicine