21:38 16 նոյեմբերի, 2015ՀՀ առողջապահության նախարարությունում հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց նյարդավիրաբուժության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց գլխուղեղի կաթվածների կանխարգելման եւ բուժման ծրագրի նախագիծը, որն ուղղված է կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանը:
Ֆանարջյանի խոսքով` գլուղեղի կաթվածների բուժումն ամբողջ աշխարհում առողջապահական կարեւոր խնդիր է, որն անգամ զարգացած երկրներում հաշմանդամության եւ մահացության պատճառների շարքում երրորդ տեղում է:
Մասնագետի փոխանցմամբ` աշխարհում գլխուղեղի կաթվածների բուժումը զգալի առաջընթաց է ապրել եւ մահացությունը աստիճանաբար նվազել է: Արդյունքների բարելավման գործում զգալի դեր ունի այնպիսի ռիսկի գործոնների կանխարգելումը, ինչպիսիք են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ծխախոտը եւ ալկոհոլը:
Ցուցանիշների բարելավմանն են նպաստել նաեւ կատարելագործված բուժական միջամտությունները եւ ներանոթային միջամտությունները:
Ակնկալվում է, որ միջազգային փորձի վրա հիմնված, նման ծրագրի ներդրման շննորհիվ կկրճատվի արյան շրջանառության հիվանդությունների հետեւանքով վաղաժամ մահացությունը եւ հաշմանդամությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ նյարդավիրաբույժների ասոցիացիային, ոլորտի մասնագետներին եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ձեւավորել աշխատանքային խումբ, որը առաջիկայում կներկայացնի ազգային ծրագրի նախագծի վերջնական մշակված տարբերակը, ուր մանրամասն կարտացոլվեն ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ բուժման ընթացակարգերը: Հանձնարավեց նաեւ ներկյացնել ծրագրի իրականացման ծախսարդյունավետությունը:
Ծրագիրը կյանքի կոչելու գործում Արմեն Մուրադյանը առանձակի կարեւորեց շտապօգնության ծառայության աշխատանքը, բժշկական կազմակերպությունների հստակեցման, չափորոշիչների մշակման, ինչպես նաեւ որակյալ մասնագետների պատրաստման հարցերը: