Երեք տարածված առասպել ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի մասին

12:56   22 նոյեմբերի, 2015

Աշխարհում 13 տարեկանից բարձր մոտավորապես 1.1 մլն մարդ է ապրում իմունային անբավարարության վարակով (ՄԻԱՎ)-ով, բայց թե ՄԻԱՎ-ի, թե ՁԻԱՀ-ի մասին դեռ բազմաթիվ սխալ պատկերացումներ կան: Նախ շատերը պարզապես չեն հասկանում ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի տարբերությունը: ՄԻԱՎ-ը վարակ է, որը թուլացնում է մարդու իմունային համակարգը ու թույլ չի տալիս պայքարել ինֆեկցիաների ու քաղցկեղի դեմ: Դրանով վարակված մարդը համարվում է ՄԻԱՎ վարակակիր: Իսկ ՁԻԱՀ-ն արդեն ծանր հիվանդություն է, որը կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակի հետեւանքով, եթե հիվանդը բուժում չստանա:

ՄԻԱՎ վարակն ու ՁԻԱՀ-ը բուժել դեռ հնարավոր չէ, սակայն բուժումն օգնում է ՄԻԱՎ-ը վերահսկողության տակ պահել ու թույլ չի տալիս, որ այն ՁԻԱՀ-ի վերածվի:

Քլիվլենդի կլինիկայի բժիշկ Քրիսթեն Էնգլունդը պատմել է ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի վերաբերյալ մի քանի տարածված առասպելների մասին:

Առասպել 1՝ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել ՄԻԱՎ վարակակիրների հետ շփվելիս

Փաստ. Իրականում ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել միայն եթե վարակված մարդու օրգանիզմից որեւէ հեղուկ (արյուն, սերմ, հեշտոցային արտադրություն, կրծքի կաթ) հայտնվի ձեր օրգանիզմում կամ ձեր արյան մեջ: Վարակը կարող է ձեր օրգանիզմում հայտնվել մաշկի վրայի վերքի, բերանի, հետանցքի կամ սեռական օրգանների միջոցով:

ՄԻԱՎ վարակակիրը կարող է իրեն լավ զգալ եւ ոչ մի անհանգստացնող ախտանշան չունենալ, բայց վարակել ուրիշներին: ՄԻԱՎ-ով կինը կարող է այն փոխանցել իր երեխային ծննդաբերության ընթացքում: Սակայն շատ հաճախ մարդիկ ՄԻԱՎ-ով վարակվում են թմրադեղերի ներարկման համար կրկնակի գործածվող ներարկիչներով կամ չպաշտպանված սեքսի (առանց պահպանակների) միջոցով:

ՄԻԱՎ-ով անհնար է վարակվել.

Շփումների, գրկախառնությունների, օդի միջոցով

Հանրային բաղնիքներում, լողավազանններում, շատրվաններում

Սպասքի, բաժակների, հեռախոսների

Միջատների խայթոցների

Դռների բռնիչներին դիպչելու

Մարզասրահում մարզական սարքավորումներին դիպչելու միջոցով

Առասպել 2 . եթե մարդու մոտ ՄԻԱՎ կա, նրա կյանքն ավարտված է

Փաստ . ՄԻԱՎ –ը ՁԻԱՀ չէ: Որպեսզի չվերահսկվող ՄԻԱՎ-ը ՁԻԱՀ-ի վերածվի՝ կարող են երկար տարիներ պահանջվել

Այսօր հակառետրովիրուսային թերապիայի շնորհիվ շատ ՄԻԱՎ վարակակիրներ ապրում են նորմալ կյանքով, որի միջին տեւողությունը չի տարբերվում միջինվիճակագրականից: Այդ թերապիան այնաստիճանի է քչացնում արյան մեջ վարակների քանակը, որ դրանք նույնիսկ ՄԻԱՎ –ի արյան անալիզը չի կարողանում նկատել: Հենց այդ պատճառով էլ այդ դեղամիջոցները, ճիշտ գործածման դեպքում, հիվանդներին ապահովում են կյանքի նորմալ տեւողությամբ ու որակով:

Առասպել 3. Մարդու արտաքինից կարելի է որոշել՝ նա ՄԻԱՎ ունի,թ ե ոչ

Փաստ. Իրականում ՄԻԱՎ-ի առկայությունը ստուգելու միակ միջոցը անալիզ հանձնելն է: ՄԻԱՎ – դրական մարդու մոտ տարիներ շարունակ կարող են չլինել որեւէ ախտանշաններ, ու նրա արտաքինից, բնականաբար, անհնար է իմանալ, որ նա հիվանդ է:

Շատ երկրներում 18-75 տարեկանների շրջանում ՄԻԱՎ-ի սքրինինգային հետազոտություններ են անում: Բանն այն է, որ յուրաքանչյուր հինգերորդ վարակված մարդը չգիտի, որ ՄԻԱՎ վարակ ունի:

ՄԻԱՎ-ը ստուգվում է շատ հասարակ անալիզով. դրա համար ընդամենը մատից մի քանի կաթիլ արյուն է պահանջվում: Պատասխանը պատրաստ կլինի 15-20 րոպեից: Եթե պատասխանը դրական է, պետք է ուրիշ անալիզներ էլ հանձնել՝ ախտորոշումը հաստատելու՝ նաեւ պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում հիվանդությունը:

Ինչպես նշեց բժիշկ Էնգլունդը, ծայրաստիճան կարեւոր է, որ ՄԻԱՎ վարակակիրները իմանան իրենց կարգավիճակի մասին, դա կօգնի ժամանակին սկսել բուժումն ու խուսափել բարդացումներից:

 



© NEWS.am Medicine