Ըստ կանխատեսումների 89 795 կին Հայաստանում կարող է ունենալ անպտղություն

20:49   4 դեկտեմբերի, 2015

ՀՀ վիճակագրության ազգային ծառայության տվյալներով 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա 20-45 տարեկան 602 650 կին։ Հաշվի առնելով անպտղության տարածվածության հաճախականությունը (14,9%)` կարելի է կանխատեսել, որ 89 795 կին կարող են ունենալ անպտղություն։ Վիճակագրական տվյալներով նրանցից 30 հազարի մոտ անպտղությունն առաջնային է, երբ կինը երբեւէ չի հղիացել, իսկ 60 հազարի մոտ` երկրորդային, երբ կինը չի կարողանում ունենալ ցանկալի երկրորդ, երրորդ կամ չորրորդ երեխան։

Այս վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ պետական պատվերի շրջանակում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ժամանակ։

Նաեւ ներկայացվեցին, թե որոնք են անպտղության պատճառները, ինչ բուժումներ են իրականացվում տարբեր ախտորոշումների դեպքում։ Նշվեց, որ մասնագիտական վերլուծությամբ ժամանակակից հետազոտման եւ բուժման կարիք ունի շուրջ 54 հազար, իսկ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների` 35 հազար կին։

«Մենք պետք է մանրամասն ուսումնասիրենք, թե որոնք են հիմնական թիրախները եւ ինչ ուղղվածությամբ տանենք աշխատանքները»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ անհրաժեշտ է իրականացնել թե՛ այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակում կնպաստեն անպտղության բուժմանը` բարելավելով ծնելիության ցուցանիշը եւ թե՛ հեռահար ծրագրեր, որոնք կապահովեն դեռատի աղջիկների վերարտադրողական առողջության բարելավմանը, աբորտների եւ սեռավարակների կանխարգելմանը։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց առաջարկներ ներկայացնել, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր ֆինանսական եղած միջոցներով առավել մեծ արդյունքներ ստանալ։

 



© NEWS.am Medicine