Հայաստանի առանձին բժշկական կազմակերպություններում կստեղծվի գրիպի եւ ՍՇՎ տվյալների էլեկտրոնային բազա

15:32   7 դեկտեմբերի, 2015

Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երեւանում կազմակերպված գրիպի տարեկան աշխատաժողովին մասնակցել են ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի վարակաբանները եւ համաճարակաբանները:

Միջազգային փորձագետը  ներկայացրել է եվրոպական տարածաշրջանում գրիպի  համաճարակային իրավիճակը,   2015-2016 թվականների գրիպի սեզոնի առանձնահատկությունները։Միաժամանակ տվյալնել են  ներկայացվել Մերձավոր արեւելքի շնչառական համախտանիշի եւ գրիպի նոր ենթատեսակով (գրիպի Ա տեսլի H7N9 ենթատեսակ) պայմանավորված` համաճարակային իրավիճակի եւ դրանց զարգացման միտումները:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են գրիպի 2014-2015 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները` անդրադառնալով նաեւ նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին եւ հիմնահարցերին։ Ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետի եւ փորձագետի կողմից տրված   լուծումները՝ 2015-2016 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար:

Քննարկվել են նաեւ գրիպի դետքային համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր: Հայ մասնագետները հանդես են եկել  զեկույցներով, որոնք բավարար գնահատական են ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի կողմից:

Աշխատաժողովի ընթացքում արվել են մի շարք առաջարկություններ։ Համաձայն դրանց առանձին բժշկական կազմակերպություններում կստեղծվի գրիպի եւ սուր շնչառական վարակների տվյալների  էլեկտրոնային բազա, որում հետագայում կընդգրկվեն հանրապետության բոլոր բուժհաստատությունները։Քննարկվել են նաեւ գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգը եւ բուժման առկա հնարավորությունները կատարելագործելու հարցեր:



© NEWS.am Medicine