17:40 14 դեկտեմբերի, 2015Աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են տառապում ճարպակալումից, քան նրանք, ովքեր ապահովված ընտանիքներում են մեծացել: Այդ մասին տեղեկացնում է հետազոտությունը, որը հրապարակվել է The European Journal of Public Health-ում:
Աղքատ ընտանիքներից 5-ամյա երեխաների մոտ ճարպակալման զարգացման ռիսկը երկու անգամ ավելի է, քան ապահովված ընտանիքների երեխաներինը: 11 տարեկանում այդ ռիսկը գրեթե երեք անգամ ավելի է լինում: Նման եզրակացության հանգելու համար University College London-ի գիտնականները վերլուծել են 19 244 ընտանիքում ծնված երեխաների մասին տվյալներ (տվյալները վերցվել էին UK Millennium Cohort Study-ից (MCS)): Հետազոտողները նաեւ հաշվի են առել այդ երեխաների մայրերի սովորույթները (օրինակ` ծխելը) հղիության ընթացքում եւ դրանից հետո, նրանց ՄԶԻ-ն (մարմնի զանգվածի ինդեքսը), կրծքով կերակրման տեւողությունը եւ այլ գործոններ: Այդ երեխաների կենսակերպը եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը եւս հաշվի է առնվել: Բացի այդ, գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել այդ երեխաների սննդային սովորույթներին, թե արդյոք նախաճաշում են, մրգեր են ուտում եւ քաղցր ըմպելիքներ են խմում:
Ստացված բոլոր տեղեկությունները վերլուծելով` հետազոտողները հստակ կապ են արձանագրել ճարպակալման եւ աղքատության միջեւ: Աղքատ ընտանիքների երեխաների 6.6 եւ ապահովված ընտանիքների երեխաների 3.5 տոկոսը ճարպակալում ունեին 5 տարեկանին մոտ: Պատկերը մի փոքր փոխվում էր, երբ երեխաներն ավելի տարիքով էին դառնում: Աղքատ ընտանիքներից 11-ամյա երեխաների 7.9 տոկոսը եւ ապահովված ընտանիքներից նրանց տարեկից երեխաների սոսկ 2.9 տոկոսը ճարպակալում ուներ:
Գիտնականները նաեւ նկատել են, որ այն երեխաները, որոնք միրգ են կերել եւ քիչ շարժվել, ավելի հազվադեպ էին բախվում ճարպակալմանը: Իսկ մոր ծխելը եւ ավելորդ քաշի առկայությունը, ընդհակառակը, 20 տոկոսով մեծացնում էին երեխայի մոտ ճարպակալման ռիսկը: