Աղքատ երկրների բնակիչները քաղցկեղից ավելի հաճախ են մահանում

23:49   16 դեկտեմբերի, 2015

Ուռուցքաբանության մեջ ախտորոշման եւ բժշկական տեխնոլոգիաների զարգացումը ավանդական ռիսկի գործոնների նվազեցման հետ միասին հարուստ երկրներում հանգեցրել է քաղցկեղով հիվանդանալու եւ մահանալու հավանականության կրճատման: Նման եզրակացության են եկել Ամերիկյան ուռուցքաբանության ընկերության հետազոտողները:

Խոսքը քաղցկեղի որոշ առավել տարածված տեսակների մասին է, որոնց թվում՝ թոքերի, աղիների, կոկորդի, կրծքագեղձի, ստամոքսի, արգանդի վզիկի եւ շագանակագեղձի քաղցկեղը: Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են աշխարհի 50 երկրներում քաղցկեղով հիվանդանալու եւ մահանալու դեպքերը: Պարզվել է, որ զարգացած եւ հարուստ երկրներում այդ ցուցանիշը կրճատվում է: Սակայն այդ թիվն աճում է միջին եւ ցածր եկամտով բնակչություն ունեցող երկրներում: Նման երկրներում մարդիկ հաճախ վնասակար սովորույթներ են ունենում, ինչպես ծխելը, սխալ սննդակարգը, էժան, արագ սնունդը: Ընդ որում քաղցկեղը աշխարհի ամենատարբեր երկրներում՝ անկախ եկամտի մակարդակից, մահացության գլխավոր պատճառներից է:

Հետազոտողները կանխատեսում են, որ քաղցկեղով հիվանդացածների եւ մահացածների թիվն աշխարհում աճելու է: Գիտնականները դա կապում են այն հանգամանքի հետ, որ աղքատ երկրներում, որտեղ բնակչության թիվը գնալով աճում է, մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ ժամանակին ախտորոշել եւ բուժել քաղցկեղը: Հետազոության արդյունքները հրապարակվել են Cancer Epidemiology, Biomarkers and Prevention ամսագրում:



© NEWS.am Medicine