16:25 16 դեկտեմբերի, 2015Հայաստանը առողջապահության քաղաքականության ոլորտում շեշտադրումները բժշկությունից տեղափոխում է դեպի կանխարգելում: 2016-2021 թթ առողջապահության նոր Հայեցակարգի վերաբերյալ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնել է, որ նոր հայեցակարգը հիմնված է այն բանի վրա, որ առողջապահությունը պիտի ուղղված լինի առողջության ստեղծմանը եւ պահպանմանը եւ միայն որոշակի հատվածում` առողջության վերականգնմանը:
Նախարարը նշել է, որ նախատեսված է տվյալ Հայեցակարգի քննարկմանը ներգրավել հասարակական լայն շերտեր, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս փաստաթուղթ է նախապատրաստվում Հայեցակարգի շրջանակում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցի վերաբերյալ, որը պիտի հավանության արժանանա կառավարության կողմից:
Քննարկումը բացելով` Արմեն Մուրադյանը նշել է, որ «տվյալ փաստաթղթում մենք հստակ պատկերացում ունենք այն մասին, որ կանխարգելիչ միջոցներով, մասնավորապես` հանրային առողջապահության ծրագրերով, մենք կարող ենք թույլ չտալ հիվանդությունների եւ մահացության աճ»:
Միջոցառումը փակելով` Արմեն Մուրադյանը նշել է, որ հնարավոր կլինի աշխատանքները հաջող կազմակերպել, եթե Հայեցակարգը լինի մի ուղղվածության համակարգված փաստաթուղթ` իր մեջ ներառելով ոչ միայն այն հատվածը, որը վերաբերում է առողջության վերականգնմանը` ծառայությունների չափագրված ոլորտին, որը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների եւ ապացուցողական բժշկության մեթոդների վրա, այլեւ այն ծրագրերը, որոնք ուղղված են հիվանդությունների աճի կանխարգելմանը:
Նախարարը հավելել է, որ բոլորի համար առողջապահության զարգացման սոսկ մեկ ճանապարհային քարտեզ կարող է լինել: Դա վերաբերում է ինչպես առողջապահության քաղաքականություն մշակող մարմիններին, այնպես էլ բուժհաստատություններին եւ բնակչության լայն շրջանակներին: «Առողջապահությունը առողջապահության ոլորտի մենաշնորհը չէ, առողջապահությունը միջգերատեսչական, հանրության լայն խավեր ներառող ուղղություն է, որն իրենից ներկայացնում է ընդհանուր աշխատանք, որի արդյունքում մենք կարող ենք ստեղծել ու պահպանել բացարձակ արժեք` առողջությունը: Որոշակի դեպքերում այդ երկու գործընթացի ձախողման պարագայում, երբ առողջությունը վերականգնելու անհրաժեշտություն է առաջանում, դա արդեն պիտի անի բժշկությունը», - ասել է Արմեն Մուրադյանը:
Նախարարը քննադատության է ենթարկել առողջապահության ոլորտի այն ներկայացուցիչներին եւ բժիշկներին, որոնք մասնագետ լինելով` չեն գիտակցում հանրային առողջապահության ծրագրերի նշանակությունը, ինչպես նաեւ տարբեր տեսակետներ հայտներով` արգելակում են դրանց իրականացումը: Նա ընդգծել է, որ խոսքը եւ պատվաստման մասին է, եւ ծխելու դեմ պայքարի, եւ վիտամինների ու միկրոտարրերի պակասի: «Խոսքն այն բոլոր ծրագրերի մասին է, որոնց իրականացման արդյունքում տարիներ անց մենք կկարողանանք առողջություն ունենալ, ոչ թե հիվանդների թվի ավելացում եւ մահացության ցուցանիշների աճ, ինչն անկասկած կհանգեցնի տնտեսական ցուցանիշների վատացման», - նշել է նախարարը:
Նա հավելել է, որ առողջապահության այն հատվածը, որն ուղղված է առողջության վերականգնմանը, լավ կամ վատ արդյունք է տալիս կարճ ժամանակահատվածում: Սակայն առողջապահությունը՝ պատասխաններ են, որոնք ձեւավորվում են տասնամյակների աշխատանքի արդյունքում: Հանրային առողջապահության ներկայիս ծրագրերը հաշվարկված են երկարաժամկետ կտրվածքով, ամփոփել է նախարարը: