16:30 19 դեկտեմբերի, 2015Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների (օրինակ սրտի հիվանդությունների) դեպքերի ու դրանցից մահացության 70 տոկոսի պատճառը անառողջ կենսակերպն է ու նույնիսկ սխալ սնունդը մանուկ հասակում: Ի՞նչ կենսակերպ պետք է վարի երեխան, որպեսզի առողջ մեծանա ու հնարավորինս ապահովագրի իրեն ոչ ինֆեկցիոն հիավնդություններից: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «Արաբկիր» բուժկենտրոնին կից Երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:
Սնունդ
Սնունդը հսկայական դեր է կատարում երեխայի կյանքում ու զարգացման մեջ, դրա համար էլ ծայրաստիճան կարեւոր է այն ճիշտ կազմակերպելը: Կրծքկեր հասակում երեխան պետք է սնվի բացառապես կրծքի կաթով, իսկ 6 ամսականից սկսած՝ պետք է լրացուցիչ սնունդ ստանա, որը նրան անհրաժեշտ նյութերով կապահովի:
Մեծանալուն զուգահեռ՝ երեխայի սննդակարգը պետք է նորանոր մթերքներ ներառի, որոնք կապահովեն նրա նորմալ զարգացումը: Առաջին հայացքից ամեն ինչ շատ հեշտ է թվում, սակայն իրականում մանկաբույժները հսկայական քանակության խնդիրների են բախվում:
Օրինակ, ինչպես նշեց Սերգեյ Սարգսյանը, Հայաստանում բավականին շատ երեխաներ կան, որոնք ամբողջ օրը թեյով ու թխվածքաբլիթով են սնվում: Ոմանց ծնողները շատ աղքատ են ու չեն կարող նորմալ օգտակար մթերք գնել: Իսկ մյուսների ծնողներն էլ դա չեն անում պարզապես որովհետեւ չգիտեն, թե ինչպես պետք է սնվի երեխան:
Ակտիվություն
Շատ ժամանակակից երեխաներ շատ ժամանակ են անցկացնում համակարգիչների ու պլանշետների մոտ: Սա իհարկե շատ հարցերում օգտակար է ու նույնպես կարեւոր երեխայի զարգացման համար, բայց եթե երեխան չափից շատ զբաղվի դրանցով՝ ապա ուրիշ զբաղմունքների ու ֆիզիկական ակտիվության համար ժամանակ չի ունենա:
Մասնագետը նշում է, որ շատ կարեւոր է, որ երեխան ոչ միայն համակարգչային խաղեր խաղա, այլեւ ամենասովորական խորանարդիկներով, որոնք զարգացնում են նրա տարածական մտածելակերպը: Բացի դրանից պետք չէ մոռանալ ֆիզիկական ակտիվության կարեւորության մասին, որը ոչ միայն նպաստում է ոսկորների աճին ու զարգացմանը, այլեւ երեխային պաշտպանում է մի շարք խնդիրներից՝ եթե ոչ այսօր, ապա ապագայում:
Բացի դրանից այն երեխաները,որոնք չափից շատ ժամանակ են անցկացնում համակարգչի մոտ, դպրոցում շփման խնդիրներ են ունենում, չէ՞ որ նրանք սովորել են վիրտուալ շփմանը, իսկ իրական շփումը նրանց համար ինչ -որ սարսափելի ու անհասկանալի բան է:
Ծխել
Հայ դպրոցականների շարքերում ծխելն այդքան տարածված չէ, որքան որոշ այլ երկրներում, սակայն այստեղ էլ շատ երեխաներ պասիվ ծխողներ են դառնում: Ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով այդ երեխաների մոտ զարգանում են առողջական զարազան խնդիրներ, որոնք տարիքի հետ կարող են խորանալ ու վերածվել մեկ ուրիշ՝ ավելի լուրջ խնդիրների: Դրա համար էլ, ինչպես նշեց մասնագետը, ծայրաստիճան կարեւոր է երեխաներին պաշտպանել ծխախոտի ծխի ցանկացած ազդեցությունից: