Հայկական դեղագործական PharmaTech ընկերությունը ՊԱԳ հավաստագիր է ստացել (ֆոտո)

16:45   25 դեկտեմբերի, 2015

PharmaTech-ը Հայաստանի երրորդ դեղագործական ընկերությունն է, որը ՊԱԳ (Պատշաճ արտադրողական գործունեություն, GMP) հավաստագիր  է ստացել: Ընկերության ղեկավար Վահան Առուշանյանին այսօր` դեկտեմբերի 25-ին հավաստագիրը հանձնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

«Սա երկրի համար նվաճում է, դա մեզ հնարավորություն է տալիս արտահանել մեր արտադրանքը, այն ներկայացնել միջազգային շուկայում», - ասել է Արմեն Մուրադյանը` հանձնելով հավաստագիրը: 

Նա նշել  է, որ ավանդույթի համաձայն, արարողությանը ներկա են ավելի վաղ  GMP ստացած ընկերությունների ներկայացուցիչները եւ հույս հայտնեց, որ 2016-ին նրանց ցուցակը կավելանա։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնել է PharmaTech ընկերության տնօրեն Վահան Առուշանյանը, ընկերությունը հիմնադրվել է 1997-ին, սկսել է արտադրանք թողարկել  1998-ից եւ ի սկզբանե ստեղծվել է  GMP նորմերին համապատասխան: 

PharmaTech-ը ներերակային ինֆուզիոն  հեղուկներ է արտադրում, Հայաստանի եւ Վրաստանի շուկաներում առաջատար ընկերություն է եւ հույս ունի, որ հավաստագիրն իրեն հնարավորություն կտա դուրս գալ այլ շուկաներ: Ընկերության մեկնարկային արտադրական հզորությունը տարեկան 1 մլն տոպրակ էր, այժմ արտադրության հզորությունն աճել է  մինչեւ  6 մլն տոպրակ տարեկան: 

Ընկերությունը նախատեսում է  նաեւ մանրէազերծող միջոցների եւ դեղահաբերի  արտադրամասեր բացել: 

«GMP  հավաստագրի ստացումը մեզ համար նոր նվաճումների եւ հայկական ապրանքանիշի առաջ մղման լրացուցիչ ազդակ է», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ GMP հավաստագրեր էին ստացել «Լիկվորը» եւ «ԱրփիՄեդը»:

[gallery id=59]



© NEWS.am Medicine