Ինչպես պատրաստել եւ պահել տոնական ճաշատեսակները

12:42   29 դեկտեմբերի, 2015

Ինչպես է հարկավոր պատրաստել տոնական ճաշատեսակները՝ թունավորումներից եւ այլ խնդիրներից խուսափելու համար: Ահա թե ինչպիսի խորհուրդներով է կիսվում ՀՀ Առողջապահության նախարարությունը.

Ընդունված է, որ տոներին պատրաստվելիս տնային տնտեսուհիները պատրաստում են մի քանի ճաշատեսակներ, աղցաններ, կրեմային խմորեղեններ, որոնց բաղադրության մեջ մտնում են շուտ փչացող մթերքներ: Սննդամթերքի այս քանակը, բնականաբար հնարավոր չի սպառել առաջին 2 օրվա ընթացքում, եւ շարունակում են օգտագործել:

Մինչդեռ պետք է հիշել, որ կերակրատեսակների մեծ մասը, որոնք պարունակում են ձկնեղեն, մսեղեն, ձու, մայոնեզ, կաթնամթերք, պանիր կրեմներ և այլն, արդեն իսկ 4 ժամից սենյակային ջերմաստիճանում եւ 2 օր սառնարանում պահելուց հետո կարող է դառնալ վտանգավոր մարդու առողջության համար, պատճառ դառնալ թունավորումների: 

Դրա համար խորհուրդ է տրվում կերակրատեսակները պատրաստել քիչ քանակներով՝ այնքան, ինչքան հնարավոր կլինի սպառել 2 օրվա ընթացքում:

Սննդամթերքը պետք է պահել ճիշտ ջերմաստիճանում: Պատրաստի կերակուրն անհրաժեշտ է պահել սառնարանային ջերմաստիճանում: Սեղանի վրա չթողնել 2 ժամից ավելի: Խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի: Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքը տեղադրել առանձին դարակաշարերի վրա փակ տարաներում: Սառնարանում հումը մթերքը, մասնավորապես` միս-մսամթերքը տեղադրել պատրաստի կերակրատեսակից ներքև, որպեսզի հում մսից արյունը չհոսի պատրաստի կամ այն մթերքի վրա, որն օգտագործվելու է առանց ջերմային մշակման: Չլվացած ձուն սառնարանում պահել փակ տարայով, իսկ լվացած ձուն սառնարանում կարելի է պահել մինչև 12 օր:

Մթերքն անհրաժեշտ է տաքացնել ճիշտ ջերմաստիճանում: Ճաշատեսակը տաքացնելիս պետք է ապահովել համապատասխան ջերմաստիճանը (մանրէները ոչնչանում են 700 C և բարձր ջերմաստիճանում)։ Տաք կերակուրը մինչև մատուցելը պահել 600 C ջերմաստիճանում։ Տաքացնել 1 անգամից ոչ ավելի։ Կիսապատրաստվածներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման։

Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:

Չի կարելի օգտագործել ժամկետանց մթերք:



© NEWS.am Medicine