11:16 5 հունվարի, 2016Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահերի հիսուն տոկոսի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Նոր տարին հրաշալի առիթ է սեփական կենսակերպի եւ առողջության մասին մտածելու: Ինչ քայլեր կարելի է ձեռք առնել 2016-ին սիրտն ամրացնելու, անոթներն ավելի առողջ դարձնելու ու ապագայում ինքն իրեն սիրտ-անոթային հիվանդություններից հնարավորինս ապահովագրելու համար:
Այսպիսի խորհուրդներ է տվել Հայաստանի Առոողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
Թողնել ծխելը
Մասնագետի կարծիքով, ծխելը Հայաստանում լրջագույն խնդիրներից մեկն է: Ծխող մարդկանց (հատկապես` տղամարդկանց) թիվն այստեղ շատ մեծ է, իսկ ծխելու դեմ լիարժեք քարոզչություն չկա: Մեր մշակույթը, ինչպես նշել է սրտաբանը, առայժմ չի հասել այն մակարդակին, որ ծխելը որպես վատ տոնի նշան եւ բացասական մի բան ընկալի: Ավելին, շատերն ընդհանրապես չեն գիտակցում, թե ծխելը որչափ վնասակար է ընդհանրապես եւ մասնավորպես` սրտի եւ անոթների համար:
Եթե ուզում եք առողջ սիրտ եւ առողջ անոթներ ունենալ, այդ ուղղությամբ առաջին քայլը ծխելը թողնելն է:
Ավելի շատ շարժվել
Ֆիզիկական վարժությունները եւս սիրտ-անոթային համակարգի անբաժան մասն են: Ինչպես նշեց գլխավոր սրտաբանը, սրտի համար հատկապես օգտակար է ոչ թե ուժային ծանրաբեռնվածությունը, այլ այսպես կոչված աէրոբայինը` վազքը, լողը, հեծանիվ քշելը, սպորտի խաղային տեսակները: Այդ վարժություններում մասնակցում է ամբողջ օրգանիզմը, բոլոր մկաններն աշխատում են, եւ դրանցում հիպոքսիա չի լինում, նշել է մասնագետը:
Եթե դուք սպորտով զբաղվելու հնարավորություն չունեք, այս տարի սկսեք ավելի շատ քայլել, դա եւս օգուտ կտա: