Ինչպես է պետք խմել ալկոհոլային խմիչքները

16:35   7 հունվարի, 2016

Հայաստանում, ցավոք, բացակայում է ալկոհոլային խմիչքներ օգտագործելու մշակույթը, նշում են շատ մասնագետներ:  Շատ հայերը գրեթե նույն եղանակով են խմում բոլոր սպիրտային խմիչքները եւ հավասարաչափ շատ:  Ինչպե՞ս է պետք խմել ալկոհոլակին խմիչքները, որպեսզի չհարբեք եւ  առողջությանը վնաս չտաք: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:  

Ինչպես է պետք կոնյակ խմել 

Ընդունված է կոնյակն այսպես խմել. փոքրիկ կում անել, մի քիչ պահել բերանում եւ հետո միայն կուլ տալ: Խորհուրդ չի տրվում կոնյակը խմել մեծ կումերով, անմիջապես կուլ տալով: Հարցն այն է, որ երբ կոնյակը դանդաղ ես խմում` որոշ ժամանակ բերանում պահելով, ալկոհոլային նյութերը   բերանի եւ կոկորդի լորձաթաղանթի միջով ներթափանցում են արյան շրջանառություն, որտեղից էլ հայտնվում են ուղեղում, ոչ թե լյարդում` գոհունակության եւ թեթեւակի արբեցման զգացողություն առաջացնելով:   

Իսկ երբ կոնյակի կամ օղու մեծ քանակություն ենք կուլ տալիս, սպիրտային խմիչքի մեծ չափաբաժինը գնում է ստամոքս, այնտեղից էլ հայտնվում է լյարդում:  Սպիրտը ծանրաբեռնում եւ թունավորում է լյարդը, այնուհետեւ դրա  ընդամենը մի փոքրիկ  մասն է հայտնվում ուղեղում եւ արբեցման զգացողություն առաջացնում:   Այսինքն երբ մարդը միանգամից շատ է խմում, արդեն այլ մեխանիզմ է գործում: Ինչպես բացատրել է գաստրոէնտերոլոգը, առաջին դեպքում ալկոհոլի շատ փոքր չափաքանակ է հայտնվում լյարդում. Դա պակաս վնասակար է, սակայն գոհունակության եւ թեթեւ արբեցման նույնպիսի զգացողություն է առաջացնում, ինչ օղու մեծ քանակությունը: 

Հայկ Մինասյանի խոսքով, եթե ճիշտ խմեք կոնյակի մեկ կամ առավելագույնը երկու չափաբաժին, դա հաճույքի հսկայական զգացում կառաջացնի եւ կօգնի լիցքաթափվել: Միաժամանակ առողջության համար դա պակաս վնասակար է, քան միանգամից կուլ տալը: 

Ինչպես նշել է մասնագետը, նույնը վերաբերում է նաեւ գինուն եւ գարեջրին: Այդ խմիչքները պետք է քիչ-քիչ խմել, կում առ կում:



© NEWS.am Medicine