Ինչպես օգտակար պիցցա պատրաստել

14:52   5 հունվարի, 2016

Ամբողջ աշխարհի դիետոլոգներն ու սննդի մասնագետները պիցցան ամենաանառողջ ուտեստներից մեկն են համարում: Հնարավոր է տնական պայմաններում առողջության համար օգտակար պիցցա պատրաստել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այդ հարցին պատասխանել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Սկզբի համար փորձենք հասկանալ, թե ինչն է պիցցան այդքան անառողջ դարձնում: Նախ` պիցցան սովորաբար պատրաստվում է սպիտակ ալյուրի ու թթխմորի բլիթի վրա. նման բլիթի մեջ օգտակար քիչ բան կա, իսկ  «դատարկ» կալորիաները շատ են:  Երկրորդ` պիցցայում սովորաբար մեծ քանակությամբ կիսաֆաբրիկատներ եւ վերամշակված միս է օգտագործվում` երշիկ, նրբերշիկ: Մասնագետները ոչ մեկ անգամ են խոսել նման մսի վնասակարության մասին  (այն նույնիսկ ներառել են պոտենցիալ քաղցկեղածին մթերքի ցուցակում):

Ինչպե՞ս ավելի օգտակար պիցցա պատրաստել:

Օգտակար պիցցա պատրաստել հնարավոր է, եթե դրա հիմքը հանդիսացող բլիթը եւս ինքնուրույն պատրաստեք` տանը:  Ընդ որում, սպիտակ ալյուրի փոխարեն ցանկալի է օգտագործել ամբողջական ցորենից պատրաստված ալյուր, որի մեջ  մազմզուկներ կան, կամ աշորայի ալյուր:   Եվ ոչ մի մարգարին կամ սպրեդ`  «բուսական յուղ», որոնք առողջության համար վտանգավոր տրանսճարպեր են պարունակում: Եթե բաղադրատոմսում կարագ կա, պետք է մաքուր կարագ օգտագործել: 

Ստացված  բլիթը ցանկալի է զարդարել բանջարեղենի մեծ քանակությամբ` թարմ կամ սառեցված: Ինչպես եւ կարելի էր կռահել, նման պիցցայի վրա չարժե երշիկ կամ նրբերշիկ շարել:  Դրանց փոխարեն կարելի է, օրինակ, հավի կամ տավարի եփած միս օգտագործել. ուղղակի մանր կտրատեք դրանք ու խառնեք բանջարեղենին:  

Ցանկալի չէ նաեւ պիցցան զարդարել պանրի չափազանց մեծ քանակությամբ, որովհետեւ պանիրը, չնայած օգտակար է (շատ կալցիում եւ սպիտակուց է պարունակում), այնուամենայնիվ չափից շատ կալորիաներով է հարուստ: 

Տնական պիցցայի վրա կետչուպ կամ տոմատ հնարավոր է լցնել:  Հիշեցնենք, որ լոլիկը այն փոքրաթիվ մթերքներից է, որոնք վերամշակված վիճակում նույնիսկ ավելի օգտակար են, քան թարմ: Տոմատում եւ կեչուպում, եթե իհարկե դրանք լոլիկից են պատրաստված, ավելի շատ, քան թարմ լոլիկում, հակաօքսիդանտներ կան, որոնք կանխարգելում են ուռուցքների ի հայտ գալը:



© NEWS.am Medicine