Նոր տարվա տոների ընթացքում սեղանին` ինչպես տանը, այնպես էլ հյուր գնալիս, շատ ախորժալի տեսքով ուտեստներ են լինում, եւ ուզում ես բոլորը համտեսել: Սակայն շատակերությունը եւ տոնական, եւ սովորական օրերին կարող է մեր օրգանիզմի համար մի շարք անցանկալի հետեւանքների հանգեցնել: Ինչպես է պետք սնվել տոների ընթացքում, որպեսզի խուսափեք մարսողության խանգարումից, թունավորումից եւ, իհարկե, ավելորդ կիլոգրամներից:
Այդ ամենի մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի հետ:
Մասնագետը խորհուրդ է տալիս աչքի անցկացնել սեղանը եւ ընտրել այն ուտեստները, որոնք անպայման ուզում եք համտեսել: Տոլմա՞ եք ուզում: Անպայման համտեսեք, բայց քիչ կերեք. ամբողջը մի կերեք, խորհուրդ է տալիս մասնագետը: Օրինակ` 2 տոլմա կերեք, հետո ուրիշ մի բան:
Այդպես կարելի է համտեսել սեղանի բոլոր հետաքրքիր ուտեստները, բայց ամեն ինչից մի քիչ, առանց շատակերության: Ավելին` ցանկալի է դեռեւս մի քիչ քաղցած վեր կենալ սեղանից: Այդպես, եթե կարճ ժամանակից դարձյալ հյուր գնաք եւ այնտեղ եւս սեղան նստեք, ձեր ստամոքսում դեռ մի քիչ տեղ կլինի, իսկ շատակերությունը ընդամենը ավելորդ խնդիրներ կստեղծի ստամոքսի համար:
Հայկ Մանասյանը նաեւ նշել է, որ ծայրաստիճան կարեւոր է շատ չխմել Նոր տարվա տոնի ընթացքում, չէ՞ որ եթե չափից շատ խմեք, կդադարեք գիտակցել, թե ինչ եւ ինչքան եք ուտում: