Մինչեւ 2050 թ. հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ավելի շատ մարդ կսպանի, քան քաղցկեղը

11:55   12 հունվարի, 2016

Մինչեւ հակաբիոտիկները հայտնաբերելը վարակիչ հիվանդությունները մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող ամենալուրջ վտանգներից էին: Իրավիճակը փոխվեց, երբ բժիշկները ձեռք բերեցին հակամիկրոբային դեղամիջոցներ ու դրանց շնորհիվ սկսեցին փրկել մարդկանց կյանքը: Հենց հակաբիոտիկների շնորհիվ է զարգացած երկրներում կտրուկ նվազել վարակիչ հիվանդություններից մահացությունը:

Սակայն այսօր վարակիչ հիվանդությունները նորից լուրջ խնդիր են դառնում՝ նույնիսկ զարգացած երկրներում: Եվ այդ ամենի պատճառն այն է, որ հակաբիոտիկների սխալ գործածման հետեւանքով միկրոօրգանիզմները կորցնում են դրանց նկատմամբ զգայունությունը, հայտնում է Medicaldaily.com-ը:

Ինչպես հայտնում է Review on Antimicrobial Resistance հետազոտությունը, մինչեւ 2050 թ հակաբիոտիկային մանրէները ավելի շատ մարդ կսպանեն, քան քաղցկեղի բոլորը տեսակները միասին վերցված: Միայն 2015 թ. աղիքային ցուպիկի, մալարիայի ու տուբերկուլյոզի՝ հակաբիոտիկների նկատմամբ ոչ զգայուն շտամմերը շուրջ 700 000 մարդու մահվան պատճառ են դարձել: Գիտնականների խոսքով, եթե ոչինչ չձեռնարկվի՝ այս հիվանդությունների զոհերի թիվը մոտ ժամանակներս կաճի մինչեւ 10 միլիոն:

Ավելին՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն հիվանդությունները կխլեն ոչ միայն մարդկանց կյանքերը, այլեւ տարեկան 100 տրիլիոն դոլար՝ համաշխարհային բյուջեից:

Հակաբիոտիկներով սնված կենդանիները միսը

Հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածման պատճառներից մեկը գյուղատնտեսության սխալ կազմակերպումն է, վստահեցնում են մասնագետները: Շատ կենդանիների հակաբիոտիկներով են կերակրում, ինչը Review on Antimicrobial Resistance–ի հեղինակների կարծիքով լուրջ սպառնալիք է ներկայացնում բոլորի համար: Մոտ ապագայում կենդանաբուծության այդ միտումը մարդկային շատ կյանքեր կխլի:

Մենք մեր առողջության թշնամին ենք

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ընդամենը մեկն է այն խնդիրներից, որոնք մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, վստահեցնում են գիտնականները:

Դեռ արդյունաբերական հեղափոխության ժամանակներից սկսած՝ մարդիկ փոխում են իրենց շրջապատը, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա: Աղտոտված օդը, օրինակ, մի շարք հիվանդությունների պատճառ է դառնում, ու դրանց ցանկը տարեցտարի համալրվում է: Ոգելից խմիչքների չարաշահումը, ծխելը, չպաշտպանված սեքսը, ֆիզիկական վարժությունների պակասն ու շատ այլ գործոններ մեզ նվազ առողջ են դարձնում ու ավելացնում բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը:

Ինչպես նշում են մասնագետները, ոչ ոք չի կարող հետեւել, որ բոլոր մարդիկ առողջ կենսակերպ վարեն ու չվնասեն իրենց, սակայն հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը չափից լուրջ ու ծավալուն խնդիր է, այնպես որ այն չի կարելի անտեսել ու սպասել, որ այն ինքնընստինքյան լուծվի: Պետությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն, որոնք նվազեցնեն աշխարհում հակաբիոտիկների գործածումը ու օգնեն փրկել մարդկությանը վարակիչ հիվանդությունների համաճարակից:



© NEWS.am Medicine