Քաղցկեղից մահացած երեխայի ծնողները համակարգչային խաղ են թողարկելու (տեսագրություն)

22:43   8 հունվարի, 2016

Այս տարվա հունվարի 12-ին կթողարկվի That Dragon, Cancer երկար սպասված խաղը, որտեղ խաղացողը կկարողանա ստանձնել քաղցկեղով տառապող երեխայի հոր դերը: Այդ խաղին սպասում էին դեռ 2014 թ., սակայն դրա թողարկումը մի քանի անգամ հետաձգվել էր:

Խաղը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Խաղի հեղինակը՝ Ռայան Գրինը, հենց ինքն է եղել քաղցկեղով տառապող երեխայի հայր: Ռայանի որդու՝ Ջոելի մոտ Մեկ տարեկանում ուղեղի ուռուցք էր ախտորոշվել, որը 2014 թ. սկզբին խլել էր երեխայի կյանքը, երբ նա ընդամենը 5 տարեկան էր: Գրինների ընտանիքում, քաղցկեղի մասին խոսելիս, օգտագործում էին «վիշապ» բառը, ինչն էլ հենց արտացոլվել է խաղի անվան մեջ:

Խաղացողները կկարողանան կատարել հիվանդացած տղայի հոր դերը: Խաղի սկզբում հակիրճ նկարագրված է ուռուցքի հայտնաբերման պատմությունը, նաեւ դրա դեմ պայքարի սկիզբը: Խաղը կարող է եւ՛ երջանիկ, եւ՛ դժբախտ ավարտ ունենալ: Հեղինակի կարծիքով, այս խաղը նմանատիպ հանգամանքներում հայտնված մարդկանց կօգնի հոգեպես նախապատրաստվել բոլոր հնարավոր ելքերին:

Խաղի մշակման համար գումարը հավաքվել է քրաուդֆանդինգային հարթակի միջոցով՝ Գրինին ու նրա թիմին հաջողվել է ավելի քան 100 հազար դոլար հավաքել:

Հունվարի 12-ին խաղը հասանելի կլինի PC, Mac եւ Ouya պլատֆորմաների համար: Առայժմ կարելի է դիտել խաղի անոնսը կամ էլ նախապես պատվիրեկ այն խաղի պաշտոնական կայքում:



© NEWS.am Medicine