Երեւանի դեղատներում գնել են բոլոր դիմակները եւ հակավիրուսային քսուքները

15:36   14 հունվարի, 2016

Գրիպի եւ սուր շնչառական վարակների տարածման վերաբերյալ տեղեկությունների  ֆոնին Երեւանի բնակիչներն ակտիվորեն բժշկական դիմակներ եւ հակավիրուսային քսուքներ են գնում: Ինչպես մայրաքաղաքային մի քանի դեղատներում հայտնել են NEWS.am Medicine-ի թղթակցին, իրենց մոտ վերջացել են առկա դիմակները, օքսոլինային եւ այլ հակավիրուսային քսուքները, եւ իրենք նոր խմբաքանակների են սպասում:  

Մի քանի այցելու նաեւ պատմել է, որ այդ պարզ կանխարգելիչ միջոցների փնտրտուքում արդեն մի շարք դեղատներ են մտել, ինչ-որ մեկը կարողացել է վերջին դիմակները գնել, ոմանք էլ դատարկաձեռն են մնացել: 

Հիշեցնենք, որ Հայաստանում գրիպի եւ ՍՇՎ-ի սրացում է դիտարկվում, աճում է հիվանդանոց տեղափոխվածների թիվը, բայց  Առողջապահության նախարարությունը չի ընդունում ոչ միայն երկրում համաճարակի, այլեւ գրիպի եւ ՍՇՎ-ի բռնկման առկայությունը: Մինչդեռ խոզի գրիպից մահացության դեպքեր են գրանցվում, դրանց թիվը հասել է  11-ի:

Ինչ վերաբերում է հակավիրուսային Տամիֆլյու դեղամիջոցին, Հայաստանի դեղատներում դրանից չկար հունվարի առաջին օրերից սկսածԱռողջապահության նախարարությունը պնդում է, որ հիվանդանոցներն ապահովված են այդ դեղամիջոցով, այն ձեռք է բերվել պետգնումներով:   Առողջապահության նախարարությունը նաեւ պնդում է, որ Տամիֆլյուն ստացիոնար բուժման դեղամիջոց է, ոչ թե գրիպի կանխարգելման, չնայած դեղամիջոցի հրահանգներում ասված է, թե այն կարելի է օգտագործել նաեւ պրոֆիլակտիկ նպատակներով: Տամիֆլյու ընդունելն անհրաժեշտ է սկսել հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց առավելագույնը  48  ժամ անց, բայց Հայաստանի բնակիչները հիվանդանալու դեպքում հիվանդանոց  շատ ավելի ուշ են դիմում:  

NEWS.am Medicine-ի խմբագրությունն իր կողմից երկրի բնակիչներին կոչ է անում խստորեն պահպանել բոլոր կանխարգելիչ եւ հիգիենիկ միջոցները չվարակվելու համար:  Ի դեպ ասած, բժշկական դիմակները եւ օքսոլինային քսուքը բազմամարդ վայրերի համար ճիշտ ընտրություն են: Սննդակարգում անպայման անհրաժեշտ է նաեւ սխտոր ներառել: Պետք է հետեւել նաեւ ձեռքերի մաքրությանը: 

Իսկ հիվանդներին կոչ ենք անում տնից դուրս չգալ եւ անպայման խորհրդակցել բժշկի հետ, իսկ ամենափոքր սրացման դեպքում անհապաղ դիմել ստացիոնար բուժման:



© NEWS.am Medicine