Գիտնականները կապ են հայտնաբերել սննդի եւ քնի որակի միջեւ

10:47   19 հունվարի, 2016

Սննդի եւ քնի որակի միջեւ հստակ կապ գոյություն ունի. այն մարդիկ, որոնք շատ շաքար եւ վերամշակված սնունդ եւ քիչ ցանցենի են օգտագործում, ավելի վատ են քնում, քան նրանք, ում սննդակարգն ավելի առողջ է: Այդ մասին տեղեկացնում են Կոլումբիայի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները:  

Պիեռ-Մարիա Սանտ-Օնժն ու իր գործընկերները հետազոտություն են իրականացրել, որին  13 տղամարդ եւ 13 կին է մասնակցել, որոնց միջին տարիքը  35 տարեկանն էր: Բոլոր մասնակիցների քաշը նորմայի սահմաններում էր:  5 օրվա ընթացքում նրանք պառկում էին քնելու երեկոյան 10-ին եւ վեր էին կենում հաջորդ օրը` առավոտվա  7-ին: Նրանց գիշերային քնի միջին տեւողությունը   7 ժամ 35 րոպե էր:

Բազմաքնագրության օգնությամբ գիտնականները կարողացել են գնահատել կամավորների քնի որակը: Դրա վերլուծության ընթացքում հաշվի են առել նաեւ այն, թե հետազոտության մասնակիցները նախօրեին  ինչ էին կերել: Պարզվել է, որ ավելի  շատ ցանցենի օգտագործած մարդկանց քունը խորն էր: Իսկ նրանք, ում սննդում շատ հագեցած ճարպեր, շաքար եւ քիչ ցանցենի կար, անհանգիստ էին քնում եւ հաճախ արթնանում էին: 

Հեղինակների ստացած արդյունքները ցույց են տալիս, որ սննդի բնույթի փոփոխությունը կարող է դրականորեն ազդել քնի որակի վրա: Այդ պատճառով վատ քնից բողոքողներին կարող է բավարար լինել իրենց սննդի մեջ ավելի շատ ցանցենու ներառումը եւ քաղցրի օգտագործման կրճատումը:

Այդ հետազոտության արդյունքների մասին տեղեկացնում է  Journal of Clinical Sleep Medicine-ը:



© NEWS.am Medicine