Մետաղական նանոմասնիկները կարող են ոչնչացնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների 90 տոկոսը

13:44   21 հունվարի, 2016

Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէները ժամանակակից բժշկության ամենալուրջ խնդիրներից են. ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ հիվանդանում են հակաբիոտիկներով չբուժվող հիվանդություններով, եւ, ցավոք, նրանցից շատերը մահանում են։ Այժմ Կոլորադոյի համալսարանի մի խումբ գիտնականներ նանոմասնիկներ են ստեղծել, որոնք կարող են օգնել լուծել այդ խնդիրը։

Դոկտոր Փրաշանթ Նագփալը եւ նրա գործընկերները պնդում են, որ իրենց մշակած մետաղական նանոմասնիկները կարող են ոչնչացնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների 92 տոկոսը այդ թվում՝ սալմոնելիոզը, աղիքային ցուպիկը եւ ստաֆիլոկոկը։

Խոսքն այսպես կոչված քվանտային կետերի մասին է, որոնք ակտիվանում են կիսահաղորդիչների լույսով եւ որոնք մարդու մազից 20 000 անգամ բարակ են։ Կոնկրետ ալիքի լույսից լուսային ակտիվացում ստանալուց հետո նանոմասնիկները կարողանում են արդյունավետ եւ նպատակաուղղված ոչնչացնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէները՝ չվնասելով մյուս բջիջները։

Գիտնականները հույս ունեն, որ մոտ ապագայում կհաջողվի այդ նանոմասնիկները կիրառել բժշկական պրակտիկայում, ինչը կօգնի լուծել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների խնդիրը։

Այս հետազոտության մասին պատմում է Nature Materials ամսագիրը։

Նշենք, որ սա հակաբիոտիկների նկատմամբ կայուն ինֆեկցիաների դեմ պայքարում մետաղական նանոմասնիկների օգտագործման առաջին դեպքը չէ, սակայն նախորդ ուսումնասիրությունների ժամանակ մասնիկները ոչնչացնում էին ոչ միայն մանրէները, այլ նաեւ դրանց շրջապատող առողջ բջիջները։



© NEWS.am Medicine