Երաժշտությունն ու զրույցները կարող են օգնել հաղթահարել սթրեսը. հայ հոգեբան

01:42   22 հունվարի, 2016

Սթրեսի դեմ պայքարելու շատ մեթոդներ կան եւ դրանց մեջ ոչ վերջին տեղն են զբաղեցնում զրույցներն ու երաժշտությունը, պնդում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը: 

Եթե դուք սթրեսից եք տառապում, մասնագետը խորհուրդ է տալիս արտահայտվել, խնդիրը քննարկել մտերիմների հետ: Եթե, օրինակ, ձեր սթրեսը հետամանորյա է եւ դուք ոչ մի կերպ չեք կարողանում ազատվել դրանից, փորձեք զրուցել այն մասին, թե ինչպես են անցել տոները, դրանցում ինչն էր լավ եւ վատ, ինչն էր համապատասխանում ձեր ակնկալիքներին, իսկ ինչը` ոչ: Նման զրույցները կարող են օգնել հաղթահարել սթրեսը եւ իրավիճակին նայել նոր տեսանկյունից: 

Սթրեսի դեմ պայքարելու մեկ այլ միջոց է երաժշտությունը: Ջազը, օրինակ, ասես ոչ սկիզբ ունենա, ոչ վերջ, եւ մարդուն այնպիսի զգացողություն է տալիս, թե կյանքը շարունակվում է եւ ամեն ինչ նորմալ կլինի: Հենց այդ պատճառով ուժեղ սթրես ապրող ուսանողներին հոգեբանը հաճախ խորհուրդ է տալիս հենց ջազ լսել: 

Իհարկե, բոլոր մարդիկ տարբեր են,   սթրեսի դեմ պայքարի տարբեր մեթոդները, բնականաբար, տարբեր կերպ կազդեն նրանց վրա:  Բայց գոնե որոշ արդյունք կլինի ինչպես երաժշտությունից, այնպես էլ մտերիմների հետ զրույցից, նույնիսկ եթե սթրեսն ամբողջությամբ չանցնի, մարդն իրեն անհամեմատ ավելի լավ կզգա:



© NEWS.am Medicine