Մանկական խաղահրապարակներում արճիճի` առողջության համար վտանգավոր մակարդակ են հայտնաբերել

20:23   25 հունվարի, 2016

Մանկական հրապարակներում սարքավորումները հաճախ ներկվում են այնպիսի ներկերով, որոնցում արճիճի պարունակությունը գերազանցում է թույլատրելի նորման, ինչը կարող է շատ վտանգավոր լինել հրապարակներում խաղացող երեխաների առողջության համար, զգուշացնում են Պլիմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները:

Գիտնականներն ուսումնասիրել են մանկական բլուրների եւ ճոճանակների նմուշները, որոնք վերցվել են խաղային հրապարակներից եւ նկատել են, որ որոշ ներկերում արճիճի մակարդակը   60 անգամ գերազանցում է այն, ինչ խորհուրդ է տրվում: Արճիճի շատ բարձր մակարդակ են հայտնաբերել նույնիսկ 10 տարի առաջ տեղադրված մանկական հրապարակներում:

Փոքր երեխաները հաճախ բերանն են դնում օտարածին առարկաներ եւ լեզվով դիպչում են մետաղական հիմքերին եւ նեցուկներին, ինչի հետեւանքով ներկը կարող է ներթափանցել օրգանիզմ եւ արճիճով թունավորում առաջ բերել: Գիտությունը վաղուց արդեն ուսումնասիրել է երեխայի առողջության եւ նյարդաբանական զարգացման վրա արճիճի ազդեցությունը: Արճիճով թունավորումը կարող է մի շարք ախտանիշներ առաջ բերել, ինչպիսիք են հոգնածությունը, սովորելու դժվարությունները, զարգացման դանդաղումները: Որոշ դեպքերում արճիճով ծանր թունավորումը կարող է մահվան հանգեցնել:  

Ճիշտ է, եթե արճիճի մեծ քանակություն պարունակող ներկը չի ընկնում երեխայի օրգանիզմ, այն կարող է համեմատաբար անվտանգ համարվել: Սակայն, քանի որ ուլտրամանուշակագույն ալիքների եւ խոնավության ազդեցության տակ ներկը սկսում է ճաքել, թեփոտել եւ թափվել, շատ մեծ է հավանականությունը, որ այն կհայտնվի երեխայի օրգանիզմում:



© NEWS.am Medicine