Բջջանյութով հարուստ սննդակարգը կարող է պաշտպանել թոքերի հիվանդությունից

11:45   26 հունվարի, 2016

Բջջանյութով հարուստ սննդակարգը կարող է պաշտպանել ոչ միայն շաքարախտից եւ սրտանոթային հիվանդություններից, այլ նաեւ որոշ շնչառական հիվանդություններից։ Այս մասին են վկայում Նեբրասկայի համալսարանի գիտնականների նոր հետազոտության արդյունքները։

Քորրին Հենսոնի ղեկավարած գիտնական թիմը վերլուծել է 40-70 տարեկան 1921 կամավորների տվյալները, որոնք շնչառական թեստ են անցել եւ տեղեկություններ հայտնել իրենց առողջության, կենսակերպի եւ սննդակարգի մասին։

Պարզվում է, որ թոքերի շնչառական ունակությունը եւ վայրկյանում օդի արտաշնչման ծավալն անմիջականորեն կախված են սննդակարգում բջջանյութի քանակից։ Նրանց մոտ, ովքեր պարբերաբար միրգ, բանջարեղեն, ընդեղեն եւ անմշակ հացահատիկ են օգտագործել եւ հետեւաբար շատ բջջանյութ են ստացել, այդ ցուցանիշն ավելի բարձր է։

Հետազոտողները ենթադրում են, որ բջջանյութը կարող է նվազեցնել օրգանիզմում բորբոքման մակարդակը, որը հենց շնչառական հիվանդությունների զարգացման պատճառ է դառնում։ Ինչպես նշել է Հենսոնը, թոքերի հիվանդությունը հանրային առողջապահության ամենալուրջ խնդիրներից է, եւ դրանց կանխարգելումը շատ կարեւոր է։ Մինչեւ հիմա թոքերի վրա ազդող ամենահայտնի գործոնը ծխախոտն էր։ Սակայն գիտնականները հասկացել են, որ բջջանյութով հարուստ առողջ սննդակարգը կարող է նույնքան օգտակար լինել թոքերի համար, ինչպես չծխելը։

Հիշեցնենք, որ հետազոտությունները նաեւ պարզել էին, որ սննդակարգում բջջանյութի քանակը ազդում է աղիքային միկրոբիոմի վրա, ինչը կարող է ազդել թոքերի հիվանդությունների զարգացման հավանականության վրա։



© NEWS.am Medicine