Երեւանում տեղի կունենա նախարարական համաժողով` նվիրված հանրային առողջության մարտահրավերներին

18:25   27 հունվարի, 2016

Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում կանցկացվի «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը, որին նախատեսվում է շուրջ 14 երկրի առողջապահության նախարարների մասնկացություն:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա կգտնվի նաեւ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը:

Համաժողովի նպատակն է միջազգային քննարկումների եւ գիտական ելույթների միջոցով բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները եւ մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները եւ հանդես գալ համատեղ հայտարարությամբ:

Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում կլինեն առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաեւ այլ կարեւոր հիմնահարցեր:



© NEWS.am Medicine