ԱՀԿ-ն կոչ է անում երեխաներին զերծ պահել ծխող հերոսներով ֆիլմերի դիտումից

20:43   1 փետրվարի, 2016

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել երեխաներին հեռու պահել ծխող հերոսներով ֆիլմերից:  ԱՀԿ-ն հույս ունի  «Օսկարի» մրցանակաբաշխության նախօրեին ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա, տեղեկացնում է The Guardian-ը:

«Ծխելուց ազատ ֆիլմեր» զեկույցում կազմակերպությունը գրում է, որ մինչ երկրները պայքարում են ծխախոտի գովազդի եւ հովանավորության դեմ, ծխախոտ արտադրողները դիմում են կինոյի արդյունաբերությանը ծխողների հաջորդ սերնդին   «հավաքագրելու» նպատակով:

ԱՀԿ-ն վիճակագրություն է մեջբերում, որի համաձայն,  2014-ին ծխելու տեսարաններ են պարունակվել բոլոր հոլիվուդյան ֆիլմերի  44 տոկոսում եւ երիտասարդ հանդիսատեսի դիտմանը թույլատրված ֆիլմերի 36 տոկոսում: 

«Ծխախոտային արդյունաբերությունը իր արտադրանքի առաջ մղման համար այլընտրանքային տարբերակներ է փնտրում, իսկ ֆիլմերը ծխախոտային ընկերությունների համար  վերջին սահմանագիծն են», – հայտնել է բժիշկ Արմանդո Պերուգան ԱՀԿ-ից:

2009-ին կազմակերպությունն արդեն կոչ էր արել երեխաներին զերծ պահել ծխելու տեսարաններով ֆիլմերից: Ինչպես պարզաբանել է Պերուգան, ԱՀԿ-ն որոշել է այժմ վերսկսել արշավը, որովհետեւ ոչ մի կառավարություն այդ հանձնարարականը կյանքի չի կոչել եւ պետությունների` ԱՀԿ-ի ծխախոտային գովազդի եւ հովանավորության արգելման կոնվենցիային միանալու ֆոնին ֆիլմերը սկսել են արտադրողների կողմից որպես այլընտրանք դիտարկվել:



© NEWS.am Medicine