Քաղցկեղը սեփական կյանքը վերաիմաստավորելու առիթ է. հայ կոմպոզիտոր

13:54   5 փետրվարի, 2016

Քաղցկեղ հիվանդությունը կարող է լավ առիթ դառնալ սեփական կյանքը վերանայելու, վերաիմաստավորելու եւ կյանքը թունավորող կեղծ արժեքներից հրաժարվելու համար: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հայ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը:

Գյանջումյանը լսելով չէ, որ գիտե, թե ինչ է քաղցկեղը.  11 տարի առաջ նա ինքն է պայքարել այդ հիվանդության դեմ եւ հաղթել է: Նրա խոսքով, այդ ախտորոշումը մարդուն ստիպում է այլ կերպ նայել իր կյանքին, հասկանալ, որ գուցե ինչ-որ բան սխալ է արել:  Դա հրաշալի հնարավորություն է կյանքում շատ բան փոխելու, շատ բան վերանայելու եւ վերագնահատելու եւ, գուցե, նոր կյանք սկսելու: 

«Քաղցկեղն առիթ է վերաիմաստավորելու սեփական կյանքը, հրաժարվելու բոլոր կեղծ արժեքներից, որոնք տանջում են մեզ եւ թունավորում են մեր կյանքը», - նշել է Էդգար Գյանջումյանը:

Կոմպոզիտորը նաեւ նշել է քաղցկեղի դեմ պայքարում հոգեբանների օգնության կարեւորությունը: Այդ հիվանդությանը բախված մարդուն եւ նրա ընտանիքին հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ. նրանց հետ պիտի աշխատեն, նրանց պիտի հասցնեն այն միտքը, որ պետք է առաջ նայել, երբեք չհուսահատվել եւ հաղթանակի տրամադրվել: Հոգեբանները կարող են նաեւ հիվանդի հարազատներին սովորեցնել, թե իրենց ինչպես պահեն հիվանդի հետ, ինչպես ավելի ճիշտ խոսեն նրա հետ:  

«Ամեն բարի ժպիտ, ամեն բարի խոսք արդեն օգնում է հիվանդին», - նշել է Էդգար Գյանջումյանը:

Հիվանդներին նա հետեւյալ խորհուրդն է տվել. «Հավատացեք, որ կհաղթեք եւ կկարողանաք հաղթահարել բոլոր խնդիրները»:



© NEWS.am Medicine