Ի՞նչ անել, եթե փորլուծություն ունեք

21:23   16 փետրվարի, 2016

Փորլուծությանը, ինչպես նաեւ փորկապությանը գործնականում վաղ թե ուշ բախվում է ամեն մարդ: Ի՞նչ անել, եթե փորլուծություն ունեք: Ինչպե՞ս է պետք պահել ձեզ եւ որքանո՞վ է դա վտանգավոր:  Այդ ամենի մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:  

Մասնագետի խոսքով, փորլուծությունն անհամեմատ ավելի լուրջ խնդիր է, քան փորկապությունը: Եթե փորկապությունների պատճառը հիմնականում սխալ սննդակարգն է, որում պակասում է ջուրը եւ բջջանյութը, փորլուծությունը կարող է բազմաթիվ տարբեր պատճառներ ունենալ: Նույնը վերաբերում է նաեւ բուժմանը. փորկապության խնդիրը սովորաբար հնարավոր է լուծել սննդակարգի փոփոխման միջոցով, իսկ փորլուծության դեպքում պետք է նախ պարզել պատճառը: 

Փորլուծությունը կարող է օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունը լինել ցածրորակ սննդին կամ չափից շատ ուտելուն http://med.news.am/arm/news/8909/inchu-e-shatakerutyuny-vtangavor-aroxjutyan-hamar.html.   այդ եղանակով օրգանիզմն ուղղակի փորձում է հնարավորինս արագ դուրս հանել ամեն   «ավելորդը»: Փորլուծության հիմքում կարող է լինել նաեւ մանրէածին կամ վիրուսային վարակը. երկրորդ դեպքում հիվանդին կարող է բուժում անհրաժեշտ լինել` կախված այն բանից, թե նա ինչ վարակ ունի եւ որքան վտանգավոր է այն: 

Որքանո՞վ վտանգավոր է փորլուծությունը

Եթե փորլուծությունն ի հայտ է եկել այն բանի հետեւանքով, որ մարդն ինչ-որ վատ բան է կերել կամ էլ չափազանց շատ է կերել, սովորաբար դա սարսափելի չէ, մանավանդ եթե փորլուծությունը կարճաժամկետ է: 

Սակայն փորլուծությունը կարող է օրգանիզմի ջրազրկման պատճառ դառնալ, հատկապես եթե արդեն մի քանի օր է` շարունակվում է: Այդ պատճառով փորլուծության դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս շատ հեղուկ խմել եւ համենայնդեպս դիմել բժշկի: 

Ի՞նչ անել

Փորլուծության դեպքում ինքնաբուժմամբ զբաղվել խորհուրդ չի տրվում, ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում որեւէ դեղամիջոց ընդունել, հատկապես` հակաբիոտիկներ, եթե դրանք բժիշկը չի նշանակել: Փորլուծության ճիշտ բուժման համար անպայման պետք է պարզել դրա պատճառը, իսկ դա միայն մասնագետը կարող է անել: Բժշկին դիմել խորհուրդ է տրվում հատկապես այն դեպքում, եթե փորլուծությունն ի հայտ է եկել երեխայի կամ տարեց մարդու մոտ:



© NEWS.am Medicine