Սիրտ-անոթային առավել տարածված երեք հիվանդությունների ախտանիշները

22:38   19 փետրվարի, 2016

Սիրտ-անոթային հիվանդությունները տարեկան ավելի քան 17 մլն կյանք են խլում: Հայաստանում ամեն տարի այդ հիվանդությունների մոտ 68 000 նոր դեպք է գրանցվում եւ դրանց պատճառով մոտ 8000 մահ: Սրտի հիվանդությունների հիմնական խնդիրն այն է, որ դրանք կարող են երկար ժամանակ գաղտնի ընթանալ եւ չդրսեւորվել: Բայց նույնիսկ երբ դրսեւորվում են, մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում դրանց ախտանիշներին եւ բժշկի գնում: 

Սրտաբան Միքայել Ադամյանը պատմել է երեք ամենատարածված սիրտ-անոթային հիվանդությունների որոշ ախտանիշների մասին: 

• Հիպերտոնիա. հեւոց, գլխացավեր, կրծքավանդակի ցավեր:

• Իշեմիկ հիվանդություն. հեւոց, կրծքավանդակում ցավեր` սովորաբար չծակծկող, այլ ճնշող, ծանր: Կարող են  ցավեր լինել նшեւ ծնոտում, անոթներում, ուսերում: Սովորաբար այդ ախտանիշներն ի հայտ են գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածության պարագայում, իսկ հիվանդության ավելի ուշ փուլերում` նաեւ հանգիստ վիճակում: 

• Սրտային անբավարարություն. հեւոց ֆիզիկական փոքր ծանրաբեռնվածության հետեւանքով: Հիվանդների մեծամասնությունը, դժբախտաբար, բժշկին է դիմում այն ժամանակ միայն, երբ այնքան վատ է զգում, որ չի կարողանում քնել: 

Առանց լուրջ պատճառի հոգնածությունը, ստամոքսի եւ քնի խնդիրները, առանց պատճառի անհանգստությունը եւ տագնապի վիճակը եւս կարող են սրտի հիվանդություններ մատնանշել: Այդ բոլոր ախտանիշների պարագայում խորհուրդ է տրվում դիմել բժշկի, որը, հիվանդի վիճակից ելնելով, կարող է ախտորոշման համար որոշ անալիզներ եւ հետազոտություններ նշանակել: 

Մասնագետները հիշեցնում են, որ որքան ավելի վաղ ախտորոշվի սրտի հիվանդությունը, այնքան հեշտ եւ էժան կլինի այն բուժելը: 

Հիշեցնենք, որ 2014-ին Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների 68 898 նոր դեպք է գրանցվել, որոնցից 17 097-ը` սրտի իշեմիկ հիվանդության, 2083-ը` սրտի կաթվածի եւ 4277-ը` ստենոկարդիայի: Նույն թվին 8483 մարդ սրտի իշեմիկ հիվանդություն է ձեռք բերել, նրանցից  2386-ը սրտի կաթվածից մահացել է: Ստացվում է, որ սիրտ-անոթային հիվանդությունից մահերի մոտ 65 տոկոսը կապված է սրտի իշեմիկ հիվանդության հետ:



© NEWS.am Medicine