Թա՞նկ է արժենում առողջ կենսակերպը

20:43   22 փետրվարի, 2016

Շատ մարդկանց թվում է, թե առողջ կենսակերպ վարելը բարդ է եւ շատ թանկ: Իրականում դա բոլորովին այդպես չէ, հավատացնում է գինեկոլոգ Նելլի Ավագյանը. ամեն մարդ իր ֆինանսական հնարավորությունների սահմաններում կարող է առողջ կենսակերպ վարել, ճիշտ սնվել եւ ակտիվ լինել օրվա ընթացքում: 

Հայաստանում շատ մարդիկ բավականին համեստ եկամուտ ունեն, սակայն դա բոլորովին չի նշանակում, թե ԱԱԿ-ն նրանց գրպանով չէ, պնդում է մասնագետը: 

Մենք հաճախ կարող ենք նկատել, թե խանութներում ինչ պահանջարկ ունեն նրբերշիկը, երշիկը, տարբեր կիսաֆաբրիկատները. ամենից շատ հաճախորդ հնարավոր է տեսնել այդ բաժինների մոտ: Սակայն  բանջարեղենն ու թարմ միսը  (հավի եւ նույնիսկ տավարի) անհամեմատ ավելի էժան արժեն, քան այդ բոլոր կիսաֆաբրիկատները եւ վերամշակված միսը, իսկ բանջարեղենից եւ մսից հնարավոր է բազմաթիվ օգտակար, սննդարար ուտեստներ պատրաստել:  

Շատ մարդիկ պնդում են, որ իրենց փողը չի հերիքում որակյալ սննդամթերք գնելու, սակայն այդ մարդիկ հաճախ ծխում են եւ դրա վրա ամսական առնվազն տասնյակ հազարավոր դրամներ են ծախսում: Ծխելուց հրաժարվելը ոչ միայն թույլ կտա գումար խնայել եւ դա ծախսել օգտակար սննդամթերքի վրա, այլեւ կկանխարգելի ծխելու հետ կապված մի շարք հիվանդությունների զարգացումը: 

Որոշ մարդիկ հանրային տրանսպորտ կամ տաքսիներ են օգտագործում, նույնիսկ եթե անհրաժեշտ է ընդամենը մի քանի կանգառ գնալ: Այդ մի քանի կանգառը, մասնագետների կարծիքով, անհամեմատ ավելի ճիշտ կլիներ ոտքով անցնել. Դա եւ օգտակար է առողջության համար  (ֆիզիկական ինչ-որ ծանրաբեռնվածություն է), եւ մի քիչ գումար կխնայի:

Ճիշտ մոտեցման դեպքում առողջ կենսակերպը բոլորովին էլ բարդ ու թանկ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: 

Ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանն իր հերթին նշել է, որ առողջ կենսակերպն օգնում է կանխարգելել մի շարք հիվանդություններ: Եվ դա անհամեմատ ավելի էժան  է ու հեշտ, քան հետո դրանք բուժելը:



© NEWS.am Medicine