Ծխելը պարանոցի ցավեր է առաջ բերում

12:53   26 փետրվարի, 2016

Ծխելը պարանոցի հատվածում միջողնաշարային սկավառակների վնասվածքի պատճառ է դառնում: Հայտնի է, որ տարիքի հետ միջողնաշարային սկավառակները պակաս ամուր, ավելի փխրուն են դառնում: Պարզելու համար, թե ծխելն ինչպես է ազդում ողնաշարի վրա, Էմորիի համալսարանի (Emory University) գիտնականների մի խումբ ուսումնասիրել է 182 մարդու համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները:

Հեղինակները, Միտչել Լեւիտի (Mitchel Leavitt) գլխավորությամբ, հայտնաբերել են, որ միջողնաշարային սկավառակների դեգեներացիան անհամեմատ ավելի ուժեղ էր արտահայտված ծխողների մոտ, քան նրանց, ովքեր չէին ծխում: Հետազոտողները կարծում են, որ ծխելն ազդում է միջողնաշարային սկավառակները սնուցող անոթների վիճակի վրա:  

«Դա ծխախոտ ծխելու վնասակար հետեւանքների եւս մի օրինակ է: Բացի այն, որ այդ  կործանարար սովորույթը կապված է տարբեր հիվանդությունների հետ եւ մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը, այն կարող է նաեւ պարանոցում խրոնիկական ցավի զարգացման պատճառներից մեկը լինել», - ասել է Ատլանտայի Էմորիի համալսարանից առաջատար հետազոտող Միտչել Լեւիտը: 

Քանի որ կլինիկաներն այսօր լի են թիկունքի եւ պարանոցի խրոնիկական ցավերից տառապող հիվանդներով, բժիշկները պիտի օգտագործեն այդ հետազոտության արդյունքները եւ հիվանդներին բացատրեն, որ ողնաշարի վիճակը կարող է վատանալ այդ թվում նաեւ ծխախոտի չարաշահման հետեւանքով: 

Հեղինակները նախատեսում են պարզել, թե պարանոցի ցավերի վրա ինչպես են ազդում այլ գործոնները, օրինակ` սննդակարգը, ալկոհոլի օգտագործումը կամ ավելորդ քաշը:



© NEWS.am Medicine