Աբորտ չանելու 3 պատճառ

01:48   24 փետրվարի, 2016

Բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս աբորտներից խուսափել բոլոր հնարավոր միջոցներով եւ պնդում են, թե աբորտը չարիք է: Աբորտն ինչո՞ւ է վտանգավոր եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:  Այդ մասին մեզ պատմել է գինեկոլոգ Նելլի Ավագյանը:

Ինքը` աբորտի գործընթացը վտանգավոր է

Նախ եւ առաջ խնդիրներ կարող են ի հայտ գալ աբորտի գործընթացում. օրինակ, արգանդի ամբողջականությունը խախտելու կամ դրա լորձաթաղանթը վնասելու վտանգ  կա: Բացի այդ, աբորտի գործընթացում կնոջ մոտ կարող է կյանքի հետ անհամատեղելի ուժեղ արյունահոսություն սկսվել: Այսինքն, նույնիսկ եթե աբորտն անի լավ մասնագետը, ռիսկ կա, որ կինը կմեռնի պրոցեդուրայի ընթացքում:  

Աբորտը կարող է անպտղության հանգեցնել 

Նույնիսկ եթե աբորտը լավ է անցել, այնուամենայնիվ կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ կնոջ առողջության համար, զգուշացրել են գինեկոլոգները: Օրինակ, աբորտից հետո կարող են սկսվել խրոնիկական բորբոքային գործընթացներ, որոնք կարող են երկրորդային անպտղության հանգեցնել: Բացի այդ, աբորտից հետո կնոջ մոտ կարող են հորմոնային խանգարումներ առաջանալ: 

Դեղերով  հղիության ընդհատումը եւս կարող է վտանգավոր լինել 

Դեղերով աբորտը, մասնագետի խոսքով, ավելի անվնաս է, քան մեխանիկականը, սակայն վտանգ առկա է եւ մեկում, եւ մյուսում, նախ ոչ բոլորին է կարելի նման աբորտ անել. դրա անցկացման համար հատուկ ցուցումներ եւ հակացուցումներ կան:  Երկրորդ, նույնիսկ դեղամիջոցներով աբորտից հետո կնոջ մոտ կարող է կյանքի համար վտանգավոր արյունահոսություն սկսվել:  Նման խանգարումից հետո հորմոնային խախտումներ եւս հաճախ են պատահում: 

Բնականաբար, աբորտ արած ոչ բոլոր կանայք են բախվել այդ խնդիրների հետ: Սակայն աբորտի մասին մտածող յուրաքանչյուր կին պիտի հաշվի առնի իր առողջության եւ կյանքի համար այդ վտանգները: 

Մասնագետները հիշեցնում են, որ աբորտներից խուսափելու լավագույն միջոցը համարժեք հակաբեղմնավորիչների օգտագործումն է, որոնք այսօր առավել քան մատչելի են յուրաքանչյուրին:

 



© NEWS.am Medicine