19:16 25 փետրվարի, 2016Հայաստանում ամեն օր քթի մոտ 50-80 վիրահատություն են անում: Ամռանն այդ վիրահատությունների թիվը 300-ի է հասնում: Այդ մասին լրագրողներին պատմել է պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը:
Նրա խոսքով, ռինոպլաստիկան Հայաստանում պլաստիկ վիրահատությունների ամենատարածված տարատեսակն է: Հենց այն բանի շնորհիվ, որ հայերին այնքան հուզում է «քթի խնդիրը», հայ պլաստիկ վիրաբույժներին հաջողվում է լավ արդյունքների հասնել. նրանք մեծ փորձ ունեն:
Ժողովրդականությամբ երկրորդ տեղում, ինչպես նշել է պլաստիկ վիրաբույժը, կրծքի վիրահատություններն են. երիտասարդ կանանց ավելի շատ հետաքրքրում է կրծքի մեծացումը, իսկ ավելի տարիքովները հաճախ ցանկանում են փոքրացնել կուրծքը կամ վերացնել ավելորդ մաշկը եւ կուրծքն ավելի ձիգ դարձնել:
Երրորդ տեղում հավանաբար լիպոսակցիան է, որին հետեւում են աբդոմինոպլաստիկան եւ ականջների վիրահատությունները (լայնականջության շտկումը): Այս վիրահատությունն ամենից հաճախ երեխաներին են անում, իսկ աբդոմինոպլաստիկան տարածված է 35 տարեկանից մեծ կանանց շրջանում: Հետաքրքիր է, որ աբդոմինոպլաստիկայի համար հաճախ տղամարդիկ էլ են դիմում, ընդ որում` ոչ անպայման երիտասարդ. 70 տարեկանից մեծ տղամարդիկ եւս երբեմն ուզում են ազատվել փորի ավելորդ կլորությունից:
Հետաքրքիր է, որ, ինչպես նշել է մասնագետը, այլ երկրներում վիճակագրությունը զգալիորեն տարբերվում է մերինից: Բրազիլիայում, օրինակ, քչերն են ռինոպլաստիկա անում, իսկ հետույքի մեծացման վիրահատությունները շատ տարածված են: Հայաստանում, համեմատության համար, տարեկան հետույքի ընդամենը 1-2 վիրահատություն է կատարվում: ԱՄՆ-ում տարածված են աչքերի բացվածքի մեծացման կամ փոփոխման վիրահատությունները, իսկ Հայաստանում նման վիրահատություններ գրեթե չեն արվում: