Սիմուլյացիոն կենտրոն. այստեղ բժիշկները կարող են «սպանել» հիվանդին

11:31   28 փետրվարի, 2016

Բժշկական համալսարանները ուսանողներին գիտելիքներ են տալիս, սակայն լավ բժիշկ դառնալու համար միայն գիտելիքը բավարար չէ, փորձ է անհրաժեշտ: Այդ փորձը նրանք կարող են ձեռք բերել բժշկական սիմուլյացիոն կենտրոններում, որտեղ հատուկ ռոբոտների վրա հնարավոր է  սովորել այն ամենը, ինչը պետք է գալու ապագայում` ներարկումներից եւ կաթետեր դնելուց մինչեւ վերակենդանացման միջոցառումների անցկացում: 

Երեւանում նման սիմուլյացիոն կենտրոն է գործում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում: Այստեղ սովորելու են գալիս ոչ միայն ուսանողները, այլեւ կլինիկական օրդինատորներ եւ նույնիսկ բժիշկներ: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը, կենտրոնում մի քանի բաժանմունք կա, որոնք զինված են ռոբոտ-մանեկեններով եւ այն ամենով, ինչն անհրաժեշտ է ուսման համար:  

Վիրաբուժական բաժանմունքում, օրինակ, ուսանողները կարող են սովորել կարեր  եւ վիրակապեր դնել: Կան նաեւ հատուկ տրենաժորներ, որոնց օգնությամբ նրանք կարող են ծանոթանալ լապարոսկոպիկ պրոցեդուրաների:  Մանկաբարձական բաժանմունքում կա ռոբոտ մանեկեն, որի վրա ուսանողը կարող է հետեւել երեխայի ծննդի ամբողջ գործընթացին եւ հասկանալ տեղի ունեցող մեխանիզմները: Նրան կսովորեցնեն նաեւ լսել երեխայի սիրտը եւ կողմնորոշվել բարդ իրավիճակներում:  

Մանկաբուժական բաժանմունքում եւս կա ռոբոտ-սիմուլյատոր, որի վրա ուսանողները կարող են սովորել կաթետեր դնել, ինտուբացիա անել, լսել զարկերակը, սիրտը: Կենտրոնում կա նաեւ առաջին բուժօգնության սենյակ, որտեղ բժշկական համալսարանի առաջին կուրսեցիները, բուժքույրերն ու կլինիկական օրդինատորները սովորում են ամենատարբեր իրավիճակներում առաջին բուժօգնություն տրամադրել: 

Թերեւս առանձին ուշադրության է արժանի վերակենդանացման բաժանմունքը, որտեղ տեղադրված է նոր սերնդի ռոբոտ-սիմուլյատոր, որը կարող է անել այն ամենը, ինչ կաներ իրական հիվանդը. ռոբոտը շնչում է, աչքերը թարթում, հազում, հնարավոր է նրա զարկերակը չափել, հնարավոր է լսել նրա սրտի, թոքերի աշխատանքը` ինչպես նորմալ, այնպես էլ տարբեր հիվանդագին վիճակներում: Ռոբոտը նույնիսկ արձագանքում է բժշկի նշանակած բուժմանը:  

Խմբի ղեկավարը կարող է համակարգչի օգնությամբ կրիտիկական իրավիճակ մոդելավորել, օրինակ` ռոբոտի ճնշումը կբարձրանա եւ սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ կսկսվեն: Ապագա բժիշկը պիտի կողմնորոշվի, թե ինչ է պետք անել եւ ինչ հերթականությամբ:  Անհրաժեշտության դեպքում նա վերակենդանացման միջոցառումներ է իրականացնում, դեղեր է նշանակում, եւ եթե այդ ամենը ճիշտ է արել,  «հիվանդի» վիճակը կայունանում է: Իսկ եթե ինչ-որ բան սխալ է արվել, սրտի կանգ  եւ  «հիվանդի» մահն է գրանցվում:

Ռոբոտ հիվանդի մահը իհարկե ցավալի է ապագա բժշկի համար, բայց այնքան սարսափելի չէ, որքան իրական հիվանդի մահը: Եթե ապագա բժիշկը հասկանա, թե ճշգրիտ ինչն է սխալ արել ռոբոտի հետ աշխատանքում, իրական հիվանդի հետ արդեն չի կրկնի այդ սխալները: 

«Այստեղ ուսանողները եւ բժիշկները սխալի իրավունք ունեն: Իսկ իրական հիվանդի հետ աշխատանքում նման հնարավորություն չունեն: Այստեղ նրանք կարող են սովորել սեփական սխալների վրա», - նշել է Սուրեն Հովհաննիսյանը:

 



© NEWS.am Medicine