15:12 1 մարտի, 2016Հայաստանում այսօր հանրային առողջապահության մի շարք ծրագրեր են իրականացվում: Դրանց թվին են պատկանում իմունոկանխարգելման ծրագիրը, 3 ամենատարածված ոչ վարակիչ հիվանդությունների ի հայտ բերման սքրինինգային ծրագիրը: Իսկ ինչ ծրագրեր են իրականացվում Ռուսաստանում, Բելառուսում եւ Իրանում: Եվ որքանով են դրանք արդյունավետ
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Ռուսաստանում իրականացվող հանրային առողջապահության ծրագրերը կարելի է երեք խմբի բաժանել:
Առաջին խմբի մեջ են մտնում առողջ կենսակերպի ձեւավորման հետ կապված ծրագրերը: Դա ծխելու դեմ պայքարի մասին օրենքի ընդունումն է եւ այդ պայքարի համար պայմանների ապահովումը, խմելու, հարբեցողության դեմ պայքարի ծրագրերը, առողջ սննդի հայեցակարգերը, աղի, շաքարի, տրանսճարպերի եւ մարդու առողջության համար վնասակար որոշ այլ մթերքների օգտագործման սահմանափակմանն ուղղված միջոցները: Ծրագրերի երկրորդ խումբը սքրինինգայիններն են: Ռուսաստանի Դաշնությունում, նախարարի խոսքով, 2013 թվականից լայնածավալ սքրինինգներ են ներդրվել, որոնք երեխաների շրջանում իրականցվում են ամեն տարի, իսկ մեծերի շրջանում` երեք տարին մեկ: Այդ ծրագրերի շնորհիվ հնարավոր է դարձել դեպքերի 72 տոկոսում ի հայտ բերել ուռուցքային հիվանդություններ վաղ` բուժելի փուլերում, ինչպես նաեւ վաղ ի հայտ բերել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններ:
Ծրագրերի երրորդ խումբն արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությունն է այն դեպքում, երբ մարդն այնուամենայնիվ ուղեղի, սրտի կաթված է տարել կամ այլ խնդիր ունի: Այդ նպատակով Ռուսաստանում եռաստիճան համակարգ է ստեղծվել, որը, նախարարի խոսքով, լավ արդյունքներ է տվել եւ շարունակում է զարգանալ:
Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոն իր հերթին նշել է, որ Բելառուսում ժողովրդագրական անվտանգության պետական ծրագիր է իրականացվում, որը ներառում է տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի, խմելու եւ հարբեցողության դեմ պայքարի ծրագրեր: Կան նաեւ ծրագրեր սրտաբանության ոլորտում: Ընդհանուր առմամբ հանրային առողջապահության ծրագրերն օգնում են ապահովել բնակչության բնական աճը, նշել է նախարարը:
Նախարարի խոսքով, Բելառուսում նաեւ իմունոկանխարգելման արդյունավետ ծրագիր է իրականացվում. բնակչության 95-97 տոկոսը պատվաստումներ է ստացել բոլոր վարակների դեմ, որոնց դեմ պատվաստում գոյություն ունի:
Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարն իր հերթին նշել է, որ Իրանում 2000 մարդուն 1 բժիշկ է բաժին ընկնում, առողջապահության ոլորտում ծառայությունները հիմնականում անվճար են, իսկ բնակչության 98 տոկոսը բժշկական ապահովագրություն ունի: Իրանում առողջապահության նախարարությունն իր բյուջեով երկրորդն է, որովհետեւ առողջապահության ոլորտը շատ կարեւոր է երկրի ղեկավարի համար, նշել է Հասան Հաշիմին:
Իրանում մահերի 75 տոկոսը ոչ վարակիչ հիվանդություններն են, որոնցում մեծ տեղ են զբաղեցնում սիրտ-անոթային հիվանդությունները, նշել է նախարարը: Այդ հիվանդությունների կանխարգելման համար առողջ կենսակերպը եւ սպորտով զբաղվելը, ինչպես նաեւ աղի եւ շաքարի օգտագործման սահմանափակումը խրախուսող ծրագրեր են իրականացվում: Բացի այդ, Իրանի բնակչության 80 տոկոսի մոտ D վիտամինի պակաս է նկատվել, այդ պատճառով երկրում ալյուրը հարստացվում է այդ վիտամինով, ինչպես նաեւ ֆոլիաթթվով եւ երկաթով:
Ինչ վերաբերում է վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, Իրանում ծնված յուրաքանչյուր երեխա 10 պատվաստում է ստանում:
Հիշեցնենք, որ առողջապահության ներկայիս համակարգի առաջնահերթ խնդիրն է կանխարգելել հիվանդությունները եւ թույլ չտալ, որ գործը բուժման հասնի: Հենց այդ նպատակին հասնելու ուղիներին է նվիրված այսօր Երեւանում սկսված նախարարական միջազգային համաժողովը: