15:20 4 մարտի, 2016Աշխարհում մահերի մոտավորապես 20 տոկոսը կապված է ծխելու հետ: Եթե նվազեցնենք աշխարհում ծխախոտի օգտագործման մակարդակը, կյանքի ակնկալվող տեւողությունը կաճի մոտավորապես 5 տարով: Այդ մասին ծխախոտի դեմ պայքարում ԶԼՄ-ների ներուժի ամրապնդման հարցերին նվիրված սեմինարի ընթացքում ասել է ՌԴ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար, Հանրային առողջության եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Օլեգ Սալագայը:
«Ծխելն իր բնույթով ստրկություն է», - ասել է նա` նշելով, որ ծխելուց հրաժարվելն իր հերթին ուղի է դեպի ազատություն եւ ձերբազատում կախվածությունից:
Ծխախոտի դեմ պայքարում ԶԼՄ-ների ներուժի ամրապնդման հարցերին նվիրված սեմինարը կազմակերպվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության ջանքերով եւ հավաքել էր լրագրողների եւ 10 երկրի Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, որոնց թվում էր նաեւ Հայաստանը: Բոլոր այդ երկրները միացել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային համաձայնագրին (ԾՊՇՀ), դրանով միջազգային պարտավորություն ստանձնելով իրենց տարածքում կրճատել ծխախոտի օգտագործումը:
Ինչպես հայտնում է NEWS.am Medicine-ի թղթակիցը, սեմինարի հիմնական նպատակն է զանգվածային լրատվության միջոցներին հասանելի դարձնել ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ժամանակակից տեղեկություններն ու տվյալները, ինչպես նաեւ ծանոթացնել իրենց երկրում եւ հարեւան պետություններում ընթացիկ իրավիճակին եւ թե ինչ քայլեր են ձեռնարկվում կատարելու այն պարտավորությունները, որ ստանձնել են Համաձայնագրին միացած երկրները:
Հիշեցնենք, որ ԾՊՇՀ-ն միջազգային համաձայնագիր է, որն ընդունվել է 2003-ի մայիսին` Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 56-րդ նստաշրջանին: Սա առաջին իրավաբանական փաստաթուղթն է, որի նպատակը ծխախոտի պատճառով մահացության նվազեցումն է եւ ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործման կրճատումը: