Խրոնիկական սթրեսը հիշողության հետ կապված խնդիրների է հանգեցնում

17:12   5 մարտի, 2016

Օհայոյի համալսարանի գիտնականները լաբորատոր մկների վրա փորձարկում են իրականացրել եւ պարզել են, որ հաճախակի սթրեսի ենթարկված կրծողների մոտ տարածական հիշողության հետ կապված խնդիրներ են առաջանում: 

Փորձարկումների ընթացքում մկներին նախ սովորեցրել են լաբիրինթոսից ելք գտնել: Հետո կրծողների խմբի մոտ բաց էին թողնում ավելի ագրեսիվ եւ խոշոր ալֆա արուի, ինչը մնացած կենդանիների մոտ սթրես էր առաջացնում: Արդյունքում այն մկները, որոնք անընդհատ ստիպված էին լինում հուզվել ագրեսորի այցերից, մոռանում էին փրկարար անցքի տեղադրությունը ի տարբերություն իրենց այն եղբայրակիցների, որոնք սթրեսի չէին ենթարկվել: 

Գիտնականները պարզել են, որ հիշողության հետ կապված խնդիրներն ուղեկցվել են ուղեղում որոշակի փոփոխություններով: Այսպես, ուղեղում իմունային բջիջներ կամ մակրոֆագներ էին հայտնվում, ինչը սթրեսի նկատմամբ իմունային հակազդեցության արդյունք հանդիսացող բորբոքման նշան էր: 

Նշվում է, որ տարածական հիշողության հետ կապված խնդիրներն անհետանում էին   28 օրվա ընթացքում: Երբ մկներին բորբոքումը դադարեցնող դեղամիջոցներ էին ներարկում, ուղեղային դիտարկվող այլ փոփոխությունները եւ դեպրեսիայի ախտանիշները պահպանվում էին: Բայց դեղամիջոցների շնորհիվ մակրոֆագները հեռացվում էին, իսկ հիշողությունը բարելավվում էր: Դա հետազոտողներին համոզեց, որ հիշողության հետ կապված տարածական խնդիրները պայմանավորված են հենց ուղեղում բորբոքման եւ իմունային համակարգի ռեակցիայի հետ: 

«Հետազոտությունը հաստատում է, որ գլխուղեղի բորբոքումն առաջանում է իմունային համակարգի կողմից եւ ազդում է հիշողության վրա, ինչը նոր կարեւոր հայտնագործություն է: Մենք գուցե կարողանանք այդ խնդիրները լուծել դեղաբանական կամ պահվածքային մեթոդով», - ասել է հետազոտական խմբի ղեկավար Ջոնաթան Գոդբոութը: 

Գիտնականները հույս ունեն, որ սթրեսի եւ մտածողական խնդիրների միջեւ կապի ավելի լավ ընկալումը թույլ կտա ռազմավարություններ մշակել այն մարդկանց օգնելու համար, որոնց առօրյա կյանքը կապված է տագնապի, դեպրեսիայի կամ էլ հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետ:



© NEWS.am Medicine