Արեւայրուքից խուսափող կանայք իրենց հասակակիցներից 20 տարով ավելի երիտասարդ տեսք ունեն

15:05   7 մարտի, 2016

Երիտասարդության գլխավոր գաղտնիքն օրվա ընթացքում անթիվ քանակությամբ ջուր խմելը չէ եւ ոչ էլ երկարատեւ քունը, այլ արեւայրուքից հրաժարումը, պնդում են Massachusetts General Hospital-ի գիտնականները:

Մի քանի հարյուր կնոջ մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր խուսափել են արեւի ճառագայթներից, 20 տարով ավելի երիտասարդ տեսք են ունեցել, քան արեւայրուքի սիրահար իրենց տարեկիցները: Որքան էլ տարօրինակ է, հետազոտությունը չի հաստատել օրական մի քանի լիտր ջրի, քնի եւ կանոնավոր մարզումների օգուտը:  

Գիտնականները փորձարկման մասնակիցներին հարցրել են, թե իրենք ինչ կենսակերպ են վարում, եւ փորձել են արտաքինից կռահել տարիքը: Որոշ կանայք գրեթե կնճիռներ եւ պիգմենտային բծեր չեն ունեցել եւ իրենց իրական տարիքից 20 տարով ավելի երիտասարդ տեսք են ունեցել: Այդ բոլոր կանայք երբեք արեւի լոգանք չէին ընդունել եւ հեռու էին մնացել արեւի ճառագայթներից:

Պրոֆեսոր Ալեքսա Քիմբալլը նշել է, որ ամեն օր լիտրերով ջուր խմելը մարդուն ոչ ավելի առողջ է դարձնում, ոչ ավելի գեղեցիկ, ոչ էլ ավելի երիտասարդ: Իրականում օրգանիզմն ինքը գիտե, թե իրեն ինչքան ջուր է անհրաժեշտ: Նույնիսկ լիարժեք քունը կանանց չի օգնել տարիքից ավելի երիտասարդ երեւալ: 

Այսպես, հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդությունը պահպանելուն օգնում է ընդամենը արեւի ճառագայթներից խուսափելը եւ փողոցում արեւապաշտպան քսուք օգտագործելը: Միաժամանակ գիտնականները խորհուրդ են տալիս մաշկն արեւապաշտպան քսուքով պաշտպանել ոչ միայն լողափին, այլեւ ամեն օր` փողոցում: 

Ինչ վերաբերում է արագ ծերանալուն նպաստող սովորույթներին, գիտնականները, արեւայրուքից բացի, նշել են նաեւ ծխելը. ծխող կանայք իրենց տարիքից անհամեմատ ավելի մեծ են երեւացել: 

Այդ հետազոտության մասին գիտնականները պատմել են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի ամենամյա համաժողովին: Այդ հետազոտության տվյալները հաստատել են նաեւ այլ հետազոտություններ:



© NEWS.am Medicine