ԱՄՆ-ում առաջին անգամ արգանդ են ներպատվաստել

10:44   9 մարտի, 2016

ԱՄՆ-ում առաջին անգամ կնոջը դոնորական արգանդ են ներպատվաստել: Արգանդը ներպատվաստվել է 26-ամյա Լինդսիին, որը երեք որդեգրած որդիներ ունի:

Լինդսիի մոտ անպտղության արգանդային գործոն էր ախտորոշվել, որի դեպքում կնոջ մոտ կամ արգանդ չի լինում, կամ էլ այն սխալ է գործում, ինչը անհնար է դարձնում հղիությունը: Աղջիկն այդ մասին իմացել էր 16 տարեկանում ու այդ ժամանակվանից ի վեր միշտ աղոթել է, որ աստված երեխա ծնելու հնարավորություն տա իրեն:

2016 թ. փետրվարի 26-ին Քլիվլենդի կլինիկայում նրան ներպատվաստել են հանկարծամահ եղած 30-ամյա կնոջ արգանդը, որը մի երեխայի մայր էր: Վիրահատությունը 9 ժամ է տեւել: Վիրահատությունից հետո Լինդսին 10 օր շարժվում էր միայն հաշմանդամի սայլակի օգնությամբ:

Հիմա Լինդսին պետք է ընդունի իմունոսուպրեսանտներ՝ դեղամիջոցներ, որոնք ճնշում են իմունիտետը, որպեսզի այն չվանի ներպատվաստված օրգանը: Իսկ հղիանալու առաջին փորձերը հնարավոր կլինեն միայն մեկ տարի հետո:

Հիշեցնենք, որ արգանդի ներպատվաստման վիրահատություններ արդեն կատարվել են: Առաջին նման վիրահատություններն արվել են Շվեդիայում 2014թ, ինչի շնորհիվ չորս առողջ երեխաներ են ծնվել: Ամերիկյան մասնագետները այս հարցում վերապատրաստում են անցել իրենց շվեդ գործընկերների մոտ:

Քլիվլենդի կլինիկայում ծրագրում են այս տարի եւս 9 նման վիրահատություն անել:



© NEWS.am Medicine