2015-ին Երեւանում հարբեցողությամբ տառապող 2205 հիվանդ է գրանցվել

16:40   10 մարտի, 2016

2016-ի հունվարի մեկի տվյալներով Երեւանում հարբեցողությամբ տառապող 2205 մարդ է գրանցվել: 2014-ին նրանց թիվը 2094 էր: Այդ մասին լրագրողներին պատմել է հանրապետական նարկոլոգիական կենտրոնի դիսպանսերային բաժանմունքի վարիչ Արտաշես Թումանյանը: 

Հայաստանում հարբեցողությամբ տառապող մոտ 5000 մարդ է գրանցված, սակայն նրանց իրական թիվն ամենայն հավանականությամբ անհամեմատ ավելի մեծ է, ընդգծել է մասնագետը: Ճիշտ է, նույնիսկ 5000-ը բավականին մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար, հավելել է նա:  

Ամեն տարի, ինչպես նշել է Արտաշես Թումանյանը, հարբեցողությամբ գրանցված հիվանդների թիվն աճում է մոտավորապես 200-250-ով: Ընդ որում, հարբեցողությամբ տառապում են սոցիալական լրիվ տարբեր կարգավիճակներով եւ հնարավորություններով մարդիկ` եւ աղքատներ, եւ հարուստներ: Նրանցից ոմանք մասնագետների մոտ են հայտնվում  լուրջ բարդություններով, որոնք զարգացել են հարբեցողության հետեւանքով, ուրիշներն ավելի շուտ են գալիս, մինչեւ որեւէ խնդրի առաջացումը:     

Հայաստանում հարբեցողությամբ տառապող տղամարդկանց թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան կանանցը, ընդգծել է Արտաշես Թումանյանը: Օրինակ, անցյալ տարի Երեւանում ընդամենը 64 կին է գրանցվել եւ ավելի քան 2000 տղամարդ: Ճիշտ է, կանանց շրջանում կան նույնիսկ ամուսնացած եւ երեխա ունեցած կանայք: Կան նաեւ ամուսնալուծվածներ կամ էլ հարբեցողության հետեւանքով  ընտանիքը կորցրածներ: Այս ախտորոշմամբ բժշկի մոտ հայտնված ամենաերիտասարդ կանայք մոտ 25-30 տարեկան են:

Ինչ վերաբերում է հարբեցողների շրջանում ամենատարածված ըմպելիքներին, մասնագետի խոսքով, առաջին տեղում օղին է, երկրորդում`գարեջուրը:



© NEWS.am Medicine