2015-ին հաշմանդամությամբ 700 մարդ Հայաստանում աշխատանք է գտել

22:34   15 մարտի, 2016

2015-ին հաշմանդամությամբ ավելի քան 700 մարդ Հայաստանում մշտական կամ ժամանակավոր աշխատանք է գտել: Զբաղվածության կենտրոններում ներկայումս հաշմանդամությամբ մոտ  2500 մարդ է գրանցված: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

Նրա խոսքով,  2016-ի փետրվարի 25-ին նախարարության կայքում տեղադրել էին այն պետական հաստատությունների ցուցակը, որոնք, նոր օրենքի համաձայն, պիտի որոշ քանակությամբ աշխատատեղեր ապահովեն հաշմանդամությամբ մարդկանց համար:   Ինքը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, նախարարի խոսքով, կատարել է պահանջը. այժմ նախարարությունը  հաշմանդամությամբ 13 աշխատակից ունի: 

2017-ից ի վեր, ինչպես հիշեցրել է նախարարը, նման պրակտիկան կսկսի կիրառվել նաեւ մասնավոր կազմակերպությունների շրջանում:  

Ինչպես իր հերթին նշել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը, այսօր Հայաստանում իրոք շատ բան է արվում հաշմանդամությամբ մարդկանց ինտեգրացիայի համար, սակայն չի կարելի ասել, թե այդ մարդկանց կյանքում կարելի է հսկայական դրական փոփոխություններ նկատել:  

Վերջերս հարյուրավոր մարդիկ աշխատանքի են տեղավորվել եւ շատ հաջող աշխատում են: Սակայն պետական սեկտորում միայն ԱԻՆ-ն ունի հաշմանդամությամբ աշխատակիցների մեծ քանակություն, մյուս կազմակերպություններն առայժմ պասիվ են: Միեւնույն ժամանակ մասնավոր սեկտորը, որքան էլ տարօրինակ է, ավելի ակտիվ է. Արմեն Ալավերդյանի խոսքով, շատ կազմակերպություններ, հասկանալով իրենց շահը, աշխատանքի են վերցնում հաշմանդամությամբ մարդկանց:  

Հասարակական գործիչը նաեւ նշել է, որ պետության կողմից հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնավոր փոխհատուցում էր վճարվում  2 տարով, իսկ այժմ`  ընդամենը 6 ամսով: Սակայն այդ ժամանակը կարող է բավարար չլինել, որպեսզի հաշմանդամությամբ մարդը բավարար քանակությամբ գիտելիքներ եւ փորձ ձեռք բերի եւ մրցունակ դառնա աշխատանքի շուկայում, որպեսզի նրա զբաղվածության խնդիրն ամբողջությամբ լուծված համարվի:

 



© NEWS.am Medicine