Լեյշմանիոզ. Գաղտնի սպառնալիք, որը չի կարելի անտեսել

01:53   17 մարտի, 2016

Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որի հանդեպ խոցելի են մինչեւ 5 տարեկան երեխաները. հենց նրանք են ամենից շատ հիվանդանում եւ հենց նրանց համար է դա ծայրաստիճան վտանգավոր, եթե ժամանակին բուժում չիրականացվի:

Թե լեյշմանիոզն իրենից ինչ է ներկայացնում, ինչով է վտանգավոր եւ ինչ է պետք իմանալ դրա մասին, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է բժիշկ վարակաբան, «Նորք» վարակիչ հիվանդանոցի առաջին բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանը:   

Ինչպես է փոխանցվում լեյշմանիոզը

Լեյշմանիոզի հարուցիչի` Leishmania պարզագույն մակաբույծի բնական պահեստարան են համարվում կենդանիները, այդ թվում նաեւ շները:  Երբ մոծակը խայթում է վարակված կենդանուն, մակաբույծը տեղափոխվում է նրա մարմին, որտեղ զարգացման մի քանի փուլ է ընթանում: Հետո մոծակը խայթում է մարդուն` նրա օրգանիզմին փոխանցելով հիվանդության հարուցիչը:  Այդպես մարդը վարակվում է: Անհնար է հիվանդ կենդանուց վարակվել առանց մոծակի մասնակցության, ընդգծել է մասնագետը: 

Ով է ռիսկի խմբում

Լեյշմանիոզի մի քանի տեսակ գոյություն ունի: Հայաստանում այսօրվա դրությամբ հանդիպում է հիվանդության ընդերային (վիսցերալ) տարատեսակը, որի առաջ առավել խոցելի են երեխաները. քանի որ երեխաների իմունային համակարգը դեռեւս բավականաչափ ամուր չէ, ամենից հաճախ հենց նրանք են վարակվում: Մեծահասակների եւ մեծ երեխաների մոտ հիվանդությունը զարգանում է այն դեպքում, եթե իմունիտետի հետ կապված խնդիրներ են ունենում:  

Որքանով է վտանգավոր լեյշմանիոզը

Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում եւս հաջող բուժման շանսերը բավականին ցածր են, հենց այդ պատճառով այդքան կարեւոր է բավականաչափ տեղեկություններ ունենալ այդ հիվանդության մասին, ժամանակին կասկածել այն եւ ախտորոշել: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում հիվանդը կարող է ամբողջությամբ առողջանալ:  

Ինչպես է դրսեւորվում լեյշմանիոզը 

Լեյշմանիոզի առաջին ախտանիշները, Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով, բավականին «մեղմ» են. վարակված երեխան կարող է ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն եւ տրամադրության անկում ունենալ: Հետո նրա արյան մեջ սկսում է նվազել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների մակարդակը, կարող է բարձրանալ ջերմությունը: Երեխայի փորը մեծանում է, որովհետեւ լյարդի եւ փայծաղի չափերը մեծանում են: Նվազում է նաեւ արյան մակարդելիությունը, եւ ուժեղ արյունահոսությունները, որոնք անհնար է կանգնեցնել, կարող են մահվան հանգեցնել:  

Քանի որ լեյշմանիոզի առաջին ախտանիշները լիովին հնարավոր է այլ հիվանդությունների ախտանիշների հետ շփոթել, ծայրաստիճան կարեւոր է, որ երեխայի ծնողները եւ մանկաբույժը ուշադիր լինեն եւ նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ուղարկեն հետազոտության`   համենայն դեպս: 

Ինչպես են բուժում լեյշմանիոզը

Շատ տարիների ընթացքում Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային. դրանք այստեղ գրանցված էլ չէին: Հիվանդացած երեխաների ծնողները ստիպված էին լինում հարեւան երկրներից դեղեր բերել, ինչի վրա շատ թանկարժեք ժամանակ էր ծախսվում, որը կարելի էր ծախսել բուժման վրա եւ բարելավել հիվանդի առողջացման շանսերը:  

2016-ի հունվարից Առողջապահության նախարարության եւ կլինիկայի ղեկավարության ջանքերի շնորհիվ Հայաստանը ապահովված է դեղի պահուստով երկու տարվա համար:  Հիվանդ երեխաներին այն տրամադրվում է պետպատվերի շրջանակում: Բուժումը մեկ ամիս է տեւում, ինչպես նշել է մասնագետը, եւ անցկացվում է ստացիոնարում: Ճիշտ է, դեղամիջոցը հակացուցումներ ունի:  

Տարվա որ եղանակին լեյշմանիոզով վարակվելու վտանգ կա

Մոծակներն ամենից ավելի ակտիվ են գարնան կեսից մինչեւ աշնան կեսը եւ խայթվելու վտանգն ավելի բարձր է հենց տաք եղանակին, սակայն քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը բավականին երկարատեւ է (մի քանի շաբաթից մինչեւ 6-12 ամիս), վարակված հիվանդներ հանդիպում են ամբողջ տարվա ընթացքում: 

Հայաստանի որ շրջաններում է լեյշմանիոզն առավել տարածված

Լեյշմանիոզի մաշկային տարատեսակը Հայաստանում գրանցվել է հեռավոր անցյալում, այժմ հիմնականում հանդիպում է հիվանդության ընդերային տարատեսակը: Ինչպես նշել է Հռիփսիմե Ապրեսյանը, վերջին տարիներին Հայաստանում ավելի քան 200 դեպք են գրանցել, ամեն տարի դեպքերի քանակն աճում է: Տարեկան ընդերային լեյշմանիոզով միջինը 20-30 հիվանդ է հանդիպում:

Հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում լեյշմանիոզը բավականին ակտիվ է վերջին տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է Հայաստանին, հիվանդությունը հիմնականում տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Ղարաբաղում, այսինքն` Վրաստանին եւ Ադրբեջանին սահմանակից շրջաններում: 

Մյուս կողմից, լեյշմանիոզի դեպքեր են արձանագրվում նաեւ Երեւանում: Ավելին, մասնագետները լեյշմանիոզով հիվանդ շներ են գտնում երկրի բոլոր շրջաններում:

Ինչ կարելի է անել լեյշմանիոզի կանխարգելման համար 

Քանի որ հիվանդության փոխանցողներ են համարվում մոծակները, նախ եւ առաջ անհրաժեշտ է արդյունավետորեն պայքարել նրանց դեմ: Մոծակները բազմանում են օրգանական աղբի կույտերում եւ բաց ջրամբարներում, որտեղ ջուրը չի հոսում, այդ պատճառով շատ կարեւոր է ոչ մի տեղ աղբի կույտեր չթողնել:  Ցանկալի է տների պատուհանները փակել հատուկ ցանցերով, որպեսզի միջատները չկարողանան անցնել դրանցով:  Ավելին, այն տեղերում, որտեղ խայթոցի վտանգ կա, պետք է փակ հագուստ կրել եւ ռեպելլենտներ օգտագործել:   Այդ բոլոր միջոցառումները կօգնեն խուսափել ոչ միայն լեյշմանիոզով, այլեւ մոծակների խայթոցով փոխանցվող շատ այլ հիվանդություններով վարակվելուց:   Շատ ծնողներ անտեսում են այդ բոլոր նախազգուշական միջոցները` վստահ, որ վարակները կարող են դիպչել ում ասես, միայն ոչ իրենց եւ իրենց երեխաներին, սակայն լեյշմանիոզն այն հիվանդությունը չէ, որը կարելի է անտեսել:  

Իհարկե, չի կարելի մոռանալ ժամանակին ախտորոշման կարեւորությունը, ինչի շնորհիվ հնարավոր է ժամանակին սկսել բուժումը եւ փրկել հիվանդների կյանքը: 

Լեյշմանիոզը որքանով է տարածված աշխարհում 

ԱՀԿ-ի մասնագետների գնահատականներով, ամեն տարի աշխարհում լեյշմանիոզով վարակման մոտ 1,3 մլն նոր դեպք է գրանցվում եւ դրա պատճառով մահվան մոտ 20 000 - 30 000 դեպք:



© NEWS.am Medicine