Գիտնականները սպունգանման պոլիմերային նյութից արհեստական ողեր են ստեղծել

17:49   16 մարտի, 2016

Քաղցկեղի որոշ տեսակներ առաջնային օրգանից տարածվում են այլ օրգանների վրա. օրինակ` կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղը հաճախ վնասում է ոսկրերը եւ, մասնավորապես, ողնաշարը:  Եթե բժիշկները ստիպված են լինում հեռացնել վնասված ողերը, դրանք սովորաբար փոխարինվում են մետաղական հիմնակմախքներով կամ ոսկրային փոխպատվաստումներով, որոնց տեղադրման համար բարդ վիրահատություն է անհրաժեշտ:  

Մետաղական նյութերին ավելի հաջող այլընտրանքի եւ դրանց ներմուծման քիչ ինվազիվ մեթոդների փնտրտուքում Mayo Clinic-ից  հետազոտական խումբը Լիչուն Լյուի գլխավորությամբ պոլիմերային սպունգանման նյութ է մշակել, որը կարող է օգտագործվել հեռացված ողերի փոխարինման համար: Ջրազրկված վիճակում նյութը, որի հիմքը կազմում է օլիգո-ՊԵԳ-ֆումարատը, բավականին սեղմ է: Այն կարելի է տեղավորել    ողի հեռացումից հետո մնացած տեղում, ինչից հետո սպունգանման նյութը սկսում է օրգանիզմից հեղուկ ներծծել եւ մեծանալ: 

Մշակողների խոսքով, նոր նյութը շատ արագ չի փքվի. դա կօգնի չվնասել առողջ հյուսվածքները: Բացի այդ, հնարավոր կլինի դրա կազմի մեջ այնպիսի դեղեր ներմուծել, որոնք արդյունավետ կերպով կպայքարեն ուռուցքների դեմ: 

Գիտնականները մակետի վրա ստուգել են նյութի աշխատունակությունը, որն իսկական ողնաշարին է նմանակում, բացի այդ, կենդանի հյուսվածքների վրա փորձարկել են  «սպունգի» անվտանգությունը: Հաջորդ փուլը դիակի վրա փորձարկումներն են, ինչից հետո գիտնականները հույս ունեն անցնել մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների անցկացմանը:   

Գիտնականներն իրենց գյուտը ներկայացրել են Քիմիկոսների ամերիկյան ընկերակցության հանդիպմանը:



© NEWS.am Medicine