Տուբերկուլոզի ախտանիշներ. Ինչպես հասկանալ, որ պետք է բժշկի դիմել

15:18   21 մարտի, 2016

Տուբերկուլոզը բավականին ծանր, բայց լիովին բուժելի հիվանդություն է, հատկապես եթե ժամանակին սկսեն բուժումը: Սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է դրսեւորվում տուբերկուլոզը եւ որ ախտանիշների դեպքում է պետք բժշկի դիմել: 

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» փոխտնօրեն Նորայր Միքայելյանը   NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է տուբերկուլոզի հիմնական ախտանիշների մասին, որոնց դեպքում ցանկալի է բժշկի դիմել.   

• Հազ խորխի արտազատմամբ, որը 2-3 եւ ավելի շաբաթ է տեւում (ավելի ուշ փուլերում խորխը կարող է նաեւ արյունոտ լինել),

• Քաշի կորուստ (եթե հիվանդը հատուկ չի նիհարում),

• Փոքր ջերմություն. մինչեւ 37.5-37.8 աստիճան ըստ Ցելսիուսի,

• Ընդհանուր թուլություն,

• Ախորժակի բացակայություն:

Որոշ մարդկանց մոտ նաեւ տրամադրության վայրիվերումներ են ի հայտ գալիս, մեծ հոգնելիություն, դյուրագրգռություն, աշխատունակության նվազում:  Հնարավոր է, որ միաժամանակ դրսեւորվեն տուբերկուլոզի ոչ բոլոր ախտանիշները, այլ դրանցից որոշները, այդ պատճառով այդ ախտանիշների որեւէ համադրությանը ցանկալի է հատուկ ուշադրություն դարձնել: 

Ուր է պետք դիմել, եթե Ձեր կամ հարազատներից որեւէ մեկի մոտ նկատել եք վերոհիշյալ ախտանիշները: 

Ցանկալի է դիմել բնակության վայրի պոլիկլինիկա: Եթե թերապեւտը տուբերկուլոզ կասկածի, Ձեզ կուղարկի համապատասխան մասնագետի մոտ, որն իր հերթին արդեն անալիզներ կնշանակի, որոնք անհրաժեշտ են այդ հիվանդության ախտորոշման համար: 

Ինչու չի կարելի անմիջապես դիմել տուբերկուլոզի բուժման մեջ մասնագիտացած հիվանդանոցներ:   Ինչպես նշել է Նորայր Միքայելյանը, վերոհիշյալ ախտանիշները կարող են ուղեկցել եւ այլ հիվանդությունների` ոչ միայն տուբերկուլոզին, այդ պատճառով բացառված չէ, որ Ձեզ մոտ բոլորովին էլ տուբերկուլոզ չէ: Ամեն դեպքում ցանկալի է, որ մասնագետը որոշի, թե հիմքեր կան ենթադրելու, որ Ձեզ մոտ հենց տուբերկուլյոզ է:  Չարժե, որ հիվանդն ինքն իրեն նման ախտորոշում տա եւ անհանգստանա ու նյարդայնանա դրա պատճառով:  

Հիշեցնենք, որ չնայած տուբերկուլոզի նկատմամբ նախ եւ առաջ խոցելի են թույլ իմունիտետով մարդիկ, յուրաքանչյուրը տեսականորեն կարող է վարակվել դրանով` անկախ սոցիալական վիճակից եւ այլ գործոններից: Այդ պատճառով  վերոհիշյալ ախտանիշների ի հայտ գալու դեպքում ցանկալի է ամեն դեպքում դիմել բժշկի, նույնիսկ եթե կարծում եք, որ ռիսկի խմբի մեջ չեք մտնում:    



© NEWS.am Medicine