Ոչ ջայլամի քաղաքականությանը. ինչու չարժե վախենալ կրծքի կանխարգելիչ հետազոտությունից

19:40   21 մարտի, 2016

Մասնագետներն առանց բացառության բոլոր կանանց խորհուրդ են տալիս ամեն տարի հետազոտել կրծքագեղձերը, ինչը կօգնի ժամանակին ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը եւ նախաքաղցկեղային վիճակները: Ինչպես հայտնի է, նման խնդիրների վաղ ախտորոշումը զգալիորեն մեծացնում է հաջող բուժման շանսերը: Ցանկալի է, որ մինչեւ 40-45 տարեկան կանայք կրծքի ԳՁՀ անցնեն, իսկ ավելի տարիքով կանայք` մամոգրաֆիական հետազոտություն: Իսկ ինչու են սոսկ առանձին կանայք, բժիշկների խորհրդին հետեւելով, մամոգրաֆիական հետազոտություն անցնում` ախտանիշներ եւ գանգատներ չունենալով: 

Ինչպես նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, շատ կանայք ուղղակի վախենում են «ոչ լավ» ախտորոշում լսել, այդ պատճառով գերադասում են անգիտության մեջ մնալ:  

«Որոշ կանայք մտածում են, որ ավելի լավ է չիմանալ, որ խնդիր ունեն, քան գալ բժշկի մոտ եւ իմանալ ախտորոշումը, չէ որ դա ամբողջությամբ տակնուվրա կանի նրանց կյանքը եւ շատ խնդիրներ կստեղծի:  Բայց դա հնացած մոտեցում է.  21-րդ դարում մենք իրավունք չունենք մոռանալու, թե ինչ կարեւոր է կանխարգելումը: Եթե մեր օրգանիզմում խնդիր կա, նշանակում է`արդեն կա: Եվ ջայլամային քաղաքականությունը սեփական առողջությանն ամենաանգրագետ մոտեցումն է, որ կարող է լինել», - նշել է Խաչանուշ Հակոբյանը: 

Ամենաբարդն առաջին անգամ հետազոտման գնալն է. փոխարենը հետազոտությունից հետո իմանալով, որ ամեն ինչ կարգին է, կինն ուրախանում է եւ իրեն անհամեմատ ավելի հանգիստ եւ ինքնավստահ է զգում: Կինը հասկանում է, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկար. դա ընդամենը հետազոտություն է: Եվ հաջորդ տարում նրա համար անհամեմատ ավելի հեշտ կլինի այդ հետազտությանը գնալը: 

Իսկ եթե կինն իմանում է, որ մի փոքրիկ քաղցկեղային գոյացություն ունի կամ այլ խնդիր, ամեն դեպքում խնդիրը բավականին վաղ է ախտորոշվում եւ այն բուժելն ավելի հեշտ կլինի, քան եթե այն տարիներ անց հայտնաբերեին` ծայրաստիճան առաջացած վիճակում: 

Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս չխուսափել կանխարգելիչ հետազոտություններից. հետազոտությունները կարող են կյանքեր փրկել: Իսկ հետազոտություններից հրաժարվելը եւ ախտորոշումից վախը դեռեւս ոչ մեկին ավելի առողջ չեն դարձրել: 

Հիշեցնենք, որ նախկինում համարվում էր, որ կուրծքն ամեն տարի հետազոտել անհրաժեշտ է սկսած  40-45 տարեկանից: Սակայն այսօր կրծքի քաղցկեղը նկատելիորեն «երիտասարդացել է», այդ պատճառով կրծքի քաղցկեղի կանխարգելման նպատակով ամեն տարի հետազոտվել խորհուրդ են տալիս եւ կանանց եւ աղջիկներին, որոնք կրծքագեղձեր ունեն: Ինչպես նշել է Խաչանուշ Հակոբյանը, եթե պատանիները ամենաերիտասարդ տարիքից սովորեն հոգ տանել իրենց առողջությանը եւ գնան կանխարգելիչ հետազոտությունների, դա կօգնի զարգացնել բժշկի դիմելու մշակույթը, ինչը կնպաստի հիվանդությունների ավելի վաղ հայտնաբերմանը եւ ավելի հաջող բուժմանը:



© NEWS.am Medicine