Հնարավո՞ր է կանխել քաղցկեղը

18:48   28 փետրվարի, 2014

Բժիշկները միաձայն պնդում են, որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխել, քան բուժել: Սակայն հնարավո՞ր է կանխել քաղցկեղը: NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձել է այս հարցի պատասխանն իմանալ գերմանացի գինեկոլոգ Յոահիմ Կոխից, որը մասնագիտացած է քաղցկեղի գինեկոլոգիական տեսակների բուժման գործում:

«Իրականում շատ դժվար է կանխել քաղցկեղը: Սակայն քաղցկեղի առաջացման ռիսկը կնվազի, եթե չծխեք, սպորտով զբաղվեք, հնարավորինս առողջ կենսակերպ վարեք եւ չչարաշահեք ալկոհոլը»,- խորհուրդ է տալիս բժիշկը:

Նրա խոսքով՝ քաղցկեղի առաջացման ստույգ պատճառները գիտությանն առայժմ հայտնի չեն, սակայն ծխելը, բժիշկների մեծ մասի կարծիքով, ոչ միայն թոքերի, այլեւ քաղցկեղի մյուս բոլոր տեսակների, ներառյալ՝ գինեկոլոգիական ուռուցքների եւ հատկապես՝ արգանդի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկային գործոններից է:

«Ըստ վիճակագրության՝ ծխող կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը 3 անգամ ավելի հաճախ է լինում, քան չծխողների, ուստի ծխելն ամենավատ բաներից մեկն է, որ մարդը կարող է իր հետ անել»,- ասաց բժիշկը:

Քաղցկեղի տեսակների մեծ մասի առաջացման պատճառներն անհայտ են, բայց արգանդի վզիկի դեպքում մի փոքր այլ է. արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը մարդու պապիլոմա վիրուսն (HPV) է, ուստի կանանց խորհուրդ է տրվում սեռական կապ չունենալ ոչ հուսալի զուգընկերոջ հետ եւ պարբերաբար հետազոտվել այս վիրուսի առկայությունը ստուգելու համար: Բացի դրանից՝ այսօր ամբողջ աշխարհում HPV-ի դեմ պատվաստում է արվում, Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ եռակի ներարկումն արժե մոտ 100 000 դրամ: Բավական թանկ է, բայց մասնագետների խոսքով՝ քաղցկեղի բուժումը շատ ավելի թանկ կարժենա:

Բոլոր նրանց, ովքեր ուզում են կանխել քաղցկեղի առաջացման վտանգը, Սրտի ամերիկյան ասոցիացիայի մասնագետները խորհուրդ են տալիս ծխելուց հրաժարվելուց եւ ֆիզիկական ակտիվության ավելացումից բացի՝ փորձել պահպանել առողջ քաշը, պահել արյան մեջ խոլեստերինի, շաքարի քանակը եւ զարկերակային ճնշման նորմալ մակարդակը: Սրտի ամերիկյան ասոցիացիայի մասնագետների խոսքով՝ այս պարզ խորհուրդներին հետեւող մարդկանց դեպքում 50%-ով  նվազում է ոչ միայն քաղցկեղի, այլեւ մի շարք սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Բացի դրանից՝ շատ մասնագետներ խորհուրդ են տալիս հեռու մնալ սոլյարիներից, քանի որ դրանք զգալիորեն մեծացնում են մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը:

 



© NEWS.am Medicine