Ինչ մթերքներ կպաշտպանեն կատարակտից

22:51   28 մարտի, 2016

С վիտամինով հարուստ մթերքները նպաստում են կատարակտի ռիսկի   մեկ երրորդով նվազմանը, ցույց է տվել նոր հետազոտությունը: Գիտնականները եզրակացրել են, որ ոչ թե գենետիկան, այլ հենց սննդակարգը եւ կենսակերպն են ավելի շատ ազդում աչքերի տվյալ հիվանդության զարգացման ռիսկի վրա:  

Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողներն ուսումնասիրել են մոտավորապես 1000 կին երկվորյակների մասին տվյալներ: Մասնակիցները մոտավորապես 60 տարեկան էին իրենց սննդակարգի վերաբերյալ հարցաշար լրացնելու պահին: Գիտնականները գնահատում էին մասնակիցների կողմից վիտամինների եւ այլ օգտակար նյութերի օգտագործման մակարդակը: Բացի այդ, գիտնականները նայում էին բյուրեղիկի վիճակին: 

Տվյալների անալիզը ցույց է տվել, որ С վիտամինով հարուստ սննդակարգը կապված է կատարակտի ռիսկի 20 տոկոս նվազման հետ:

Տասը տարի անց կրկնակի հետազոտությանը երկվորյակների  324 զույգ էր մասնակցում: Այն կանանց մոտ, որոնց սննդակարգում ի սկզբանե ավելի շատ էին եղել  С վիտամինով մթերքները, կատարակտի զարգացման ռիսկը նվազած էր եղել  33 տոկոսով, գրում է Medical Daily-ն:

Հետազոտողների կարծիքով, գենետիկական գործոնները պատասխանատու են կատարակտի զարգացման տարբերության ընդամենը   35 տոկոսի համար, մինչդեռ արտաքին այնպիսի գործոններին, ինչպիսին սննդակարգն է, բաժին է ընկնում  65 տոկոսը:

Ստացվում է, որ սննդակարգում այնպիսի պարզ փոփոխություններ, ինչպիսին մեծ քանակությամբ բանջարեղենի եւ մրգերի օգտագործումն է, կարող են պաշտպանական ազդեցություն ունենալ: С վիտամինը պարունակվում է ցիտրուսայիններում, կիվիում, կարմիր եւ կանաչ քաղցր պղպեղում, բրոկկոլիում եւ մուգ կանաչեղենում: 

Գիտնականները նշում են, որ դիաբետը եւ ծխելը եւս կատարակտի ռիսկի գործոններ են, այդ պատճառով կարեւոր է ոչ միայն ճիշտ սննդակարգը, այլեւ առողջ կենսակերպը:



© NEWS.am Medicine