Խաշն իրոք այդքան օգտակա՞ր է ոսկրերի համար

21:02   29 մարտի, 2016

Հաճախ կարելի է կարծիք լսել, թե խաշը` հայերի այնքան սիրած ապուրը, որ պատրաստում են տավարի ոտքերից, օգտակար է ոսկրերի համար: Շատերը նույնիսկ խորհուրդ են տալիս այն ուտել կոտրվածքների եւ ոսկրերի հետ կապված այլ խնդիրների դեպքում: Խաշն իրո՞ք այդքան օգտակար է ոսկրերի համար եւ իրո՞ք նպաստում է դրանց առողջացմանը եւ աճին:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, խաշն իրականում ոչ մի կերպ չի ազդում ոսկրերի վիճակի վրա, եւ դրա օգտակարության վերաբերյալ պնդումները գիտական ոչ մի հիմք չունեն:

Ոսկրերի համար խաշի օգտակարության առասպելը, մասնագետի խոսքով, ի հայտ է եկել հին ժամանակներում, երբ մարդկանց հատուկ էր մտածել սեփական զուգորդություններով. այն ժամանակ մարդիկ մտածում էին, որ, օրինակ, խոզի լյարդն օգտակար է մարդու լյարդի համար, ուղեղը` ուղեղի, ոսկրերից ապուրը` ոսկրերի եւ այլն:  Սակայն ճշմարտությունն այն է, որ ոսկրերի ձեւավորումը տեղի է ունենում լրիվ այլ մեխանիզմով, որի վրա մեր կերած խաշը ոչ մի կերպ չի ազդում:

Ավելին, խաշը, որն առաջանում է ոսկրերը եռացնելուց, բոլորովին չի մարսվում մարդու օրգանիզմի կողմից, որովհետեւ մարդու օրգանիզմում (ի տարբերություն կենդանիների, որոնք ոսկրեր են ուտում) ուղղակի չկան այնպիսի ֆերմենտներ, որոնք կարողանային մարսել այն: Ինքը` խաշը, եթե այն ուտեն առանց լավաշի եւ յուղ ավելացնելու, կալորիականություն եւ սննդային արժեք չունի եւ արագ դուրս է բերվում օրգանիզմից, որովհետեւ աղիները չեն կարողանում այն մարսել կամ յուրացնել, եւ այդ փաստը եւս մի անգամ ապացուցում է, որ խաշը ոչ մի կերպ չի կարող ազդել ոսկրերի վրա:

Խաշն ավելի օգտակար դարձնելու համար կարելի է դրան լավաշից բացի, ցորենի թեփ ավելացնել: Ինչպես նշել է գաստրոէնտերոլոգը, թեփը շատ օգտակար է առողջության համար ընդհանուր առմամբ եւ մարսողության` մասնավորապես. Այն բարելավում է աղիների աշխատանքը եւ ուղղակի անհրաժեշտ է ժամանակակից մարդկանց:

Իսկ եթե Դուք մտածում եք, թե ինչպես ամրապնդեք ոսկրերը, ցանկալի է սննդակարգին ավելի շատ կալցիում պարունակող մթերք ավելացնել (օրինակ` պանիր, մածուն եւ այլն):



© NEWS.am Medicine