Աէորոբային վարժություններն օգտակար են ուղեղի համար․ հետազոտություն

November 22, 2017  22:41

Աէորոբային վարժությունները, որոնց ժամանակ աշխատում է մկանների մեծ մասը ու որոնց համար պահանջվում է մեծ քանակությամբ թթվածին, շատ օգտակար են ուղեղի համար, հավաստիացնում են Western Sydney University ու University of Manchester համալսարանների գիտնականները։

Այդ վարժությունները, հետազոտողների խոսքով, կարող են լավացնել հիշողության ֆունկցիաները ու նպաստել ուղեղի առողջության պահպանմանը՝ օրգանիզմի ծերացմանը զուգահեռ։ Դա հատկապես կարեւոր է 40 տարեկանից հետո, երբ ուղեղի ծավալը սկսում է կրճատվել յուրաքանչյուր տասնամյակում մոտ 5 տոկոսով։

Գիտնականներն ուսումնասիրել են աէրոբային վարժությունների ազդեցությունն ուղեղի հիպոկամպ կոչվող հատվածի վրա։ Այդ հատվածն ունի հսկայական նշանակություն հիշողության ֆունկցիաների ու այլ հոգեկան պրոցեսների համար։

Լաբորատոր կենդանիների վրա կատարված հետազոտությունները վաղուց են ցույց տվել, որ ֆիզիկական վարժությունները ավելացնում են հիպոկամպի չափսը, բայց առայսօր տվյալներ չկային այն մասին ՝ արդյոք դրանք նույն կերպ են ազդում նաեւ մարդկանց վրա։

 Գիտնականները դիտարկել են 14 զեկույց ավելի վաղ իրականացված փորձարկումների մասին, որոնց ընթացքում իրականացվել են փորձի մասնակիցների ուղեղի սկանավորում աէրոբիկ վարժություններից առաջ եւ հետո։ Հետազոտողների տրամադրության տակ 24-76 տարեկան ընդամենը 737 մարդու տվյալներ էին՝ այդ թվում թե առողջ մարդկանց, թե զանազան չափավոր եւ ծանր մտավոր խանգարումներով հիվանդների տվյալներ։

Գիտնականները հետազոտել են ուղեղի վրա աէրոբային վարժությունների ազդեցությունը։  Վարժությունների ցիկլի տեւողությունը կազմում էր 3-24 ամիս՝ շաբաթական 2-5 սեանս ընդմիջումով։

 Այդ փորձի արդյունքները ցույց են տվել, որ ձախ հիպոկամպի ծավալն ավելացել էր հետազոտության բոլոր մասնակիցների մոտ։ Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ֆիզիկական վարժությունները անհերքելի դրական ազդեցություն ունեն ուղեղի առողջության վրա, նաեւ ազդում են ուղեղի նեյրոտրոֆիկ գործոն կոչվող սպիտակուցի (BDNF) արտադրության վրա։ Այդ սպիտակուցն աջակցում է նեյրոնների զարգացումը։

«Երբ դուք մարզվում եք, ձեր օրգանիզմը արտադրում է քիմիական նյութ՝ BDNF, որը կարող է օգնել կանխել ինտելեկտի տարիքային անկումը, նվազեցնելով դեգեներատիվ պրոցեսների արագությունը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Ջոզեֆ Ֆերտը։

Ֆիզիկական վարժությունների հետեւանքով BDNF-ի մակարդակի բարձրացումը կարող է օգտակար լինել նաեւ թուլամտությամբ ու Ալցհեմերի հիվանդությամբ տառապողների համար։ Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ է հիպոկամպում նեյրոնների քանակի նվազումը։ Աէրոբիկայի վարժությունները օգնում են պահպանել ուղեղի այդ հատվածի նեյրոնների առողջությունը , հետեւաբար կարող են նպաստել հիվանդության զարգացման դանդաղմանը։ Այսպիսով, ֆիզիկապես ակտիվ տարեց մարդկանց մոտ նվազում է ծերունական թուլամտության հավանականությունը՝ իրենց ոչ այնքան ակտիվ հասակակիցների համեմատ։

Follow NEWS.am Medicine on Facebook and Twitter


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive