Ի պատասխան վերջին շրջանում պետական պատվերի սպառման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնության եւ դժվարմատչելի ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է, ինչն ապահովում է ազգաբնակչության բժշկական սպասարկման կայունությունը եւ թափանցիկ վերահսկողությունը ռեսուրսների սպառման նկատմամբ:

Մասնավորապես, կարգով նախատեսվում է բժշկական հաստատությունների կողմից պլանային բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների հերթագրում` հիմնվելով բժշկական օգնության առաջնահերթության սկզբունքների վրա, որոնք գործում են աշխարհի բոլոր երկրներում։

Անհրաժեշտ է ընդգծել, որ հերթագրումների կարգը չի տարածվում շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող անձնանց վրա: Վերջիններին բժշկական օգնությունը մատուցվում է առանց որեւէ հերթագրումների` համաձայն բժշկական ցուցումների:

Հավելյալ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա թեժ գիծ` 8003 համարով: