Ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ կանանց պետք է նիհարել մինչեւ հղիությունը, եթե ցանկանում են առողջ երեխաներ ունենալ առանց ապագայում ճարպակալման բարձր ռիսկի։

Մեծ Բրիտանիայի բժիշկները այսուհետ այդպիսի խորհուրդներ կտան կանանց, որոնք նախատեսում են հղիանալ։ Մինչեւ հղիանալը նիհարելու խորհուրդը ներառված կլինի Royal College of Obstetricians and Gynaecologists արձանագրությունում։

Մասնագետների խոսքով՝ մոր ճարպակալումը նկատելիորեն բարձրացնում է երեխաների ճարպակալման վտանգը եւ այդ մասին են վկայում բազմաթիվ հետազոտություններ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բժիշկներին այցելող հղիների գրեթե կեսը բավականին շատ ավելորդ քաշ ունեն։ Ճարպակալմամբ կանանց թիվը կազմում է 22 տոկոս, այսինքն՝ նրանք ավելի շատ են, քան ամեն հինգերորդը։

Սրա հետ մեկտեղ, այսպիսի հղի կանանց սպառնում է ծննդաբերության ժամանակ կյանքի համար վնասակար բարդացումների բարձր ռիսկը, նրանց ապագա երեխաների առողջությունը եւս սպառնալիքի տակ կլինի։ Երեխաներին ապագայում սպասվում է ճարպակալում եւ 2-րդ տեսակի դիաբետ։

Իսկ կանանց մոտ ոտքերի ու թոքերի թրոմբների, գեստացիոն դիաբետի, զարկերակային բարձր ճնշման եւ/կամ էկլամպսիայի ռիսկն է ավելանում։ Այսպիսի կանայք նաեւ հաճախ են վիժում, երեխաները մահացած են ծնվում, ունենում են վաղաժամ ծննդաբերություն, նրանց շատ հաճախ կեսարյան հատում են կատարում։